ԵԽԽՎ-ն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման մասին հայտարարություն է ընդունել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ No.603 գրավոր հայտարարությունն է ընդունել։ Փաստաթուղթը ստորագրել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 44 պատգամավորները։ Ինչպես նշվում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․
«
Կոչ ենք անում հարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ իրենց մանդատը չձախողելու եւ բանակցությունները չբարդացնելու մասին մշտական կոչերը:
Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ ձեռնարկել վճռական քայլեր և ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք՝ հասնելու բանակցված կարգավորման, որը հիմնված է համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջարկների վրա, որոնք արտահայտված են 2009թ․-ից նախագահների մակարդակով արված 5 հայտարարություններում։
Մենք կիսում ենք հակամարտության գոտում լարվածության աճի հետ կապված անհանգստությունը: Ծանր զինտեխնիկայի կիրառումն անընդունելի է եւ լուրջ սպառնալիք է խաղաղ բնակչության համար: Մենք խորապես ցավում ենք զոհերի համար, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:
Հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը՝ Մինսկի Խմբի համանախագահների կողմից առաջարկվող վստահության ամրապնդմանն ուղղված այլ առաջարկների հետ միասին, ինչպես նաև 1994թ․-ի հրադադարի համաձայնագրի կոնսոլիդացիան կօգնեն նվազեցնել լարվածությունը և կստեղծեն խաղաղ բանակցությունների համար առավել բարենպաստ մթնոլորտ»։