Եթե կրծքով եք կերակրում. նոր որոշում առողջապահության նախարարությունից
Երեկվանից օրինական ուժի մեջ է մտել 2016 թվականի փետրվարի 24–ին ընդունված ՀՀ առողջապահության նախարարի թիվ 05–Ն որոշումը «Կրծքով կերակրման բժշկական հակացուցումների ցանկը հաստատելու մասին»։ Ներկայացնում է iravaban.net-ը:
Այդ որոշման համաձայն սահմանվել է.
« (…) 1. Հաստատել կրծքով կերակրման բժշկական հակացուցումների ցանկը, համաձայն հավելվածի։
- Սահմանել, որ սույն հրամանով հաստատված կրծքով կերակրման բժշկական հակացուցումների դեպքում մանկական սննդի ձեռքբերումը և տրամադրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1105-Ն որոշմամբ սահմանված կարգով:
(…)
ՑԱՆԿ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ
- ԵՐԵԽԱՅԻ/ՆՈՐԱԾՆԻ ՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԵՊՔԵՐ
- Ֆենիլկետոնուրիա:
- Վալինոլեյցիուրիա:
- Գալակտոզեմիա:
- ՄՈՐ ՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԵՊՔԵՐ
- Մոր մոտ մայրական կաթով կերակրման մշտական հակացուցում`
1) կերակրող մոր` մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակի առկայություն:
- Մոր մոտ մայրական կաթով կերակրման ժամանակավոր հակացուցում`
1) Մոր ծանր հիվանդություն, որը խոչընդոտում է երեխայի խնամքին (հետծննդյան փսիխոզ, հետծննդյան սեպսիս, կոնսիլիումային եզրակացությամբ հիմնավորված այլ ախտաբանական վիճակներ),
2) Տիպ 1 հասարակ հերպեսի վիրուսով վարակ` մինչև կրծքագեղձերի շրջանում ախտահարված օջախների վերացումը,
3) Մոր կողմից օգտագործվող դեղորայքային բուժում`
ա. թմրամիջոց (այդ թվում ափիոնային շարքի դեղեր և դրանց կոմբինացիաներ) կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող կամ հակաէպիլեպտիկ դեղեր, որոնք կարող են առաջացնել կողմնակի ազդեցություն, ներառյալ քնկոտությունը և շնչառության ընկճում,
բ. ռադիոակտիվ յոդ 131 (կրծքով կերակրման սկիզբը դեղի վերջին ընդունումից ոչ պակաս 2 ամիս անց),
գ. մոր կողմից յոդի կամ յոդի հիմքով դեղերի հաճախակի տեղային օգտագործումը բաց վերքերին կամ լորձաթաղանթներին,
դ. ցիտոտոքսիկ քիմիաթերապիա կամ ճառագայթային բուժում: