Հայոց Ցեղասպանության 101 տարին
«El Imparcial»
17.04.2016
Հեղինակ՝ Ռիկարդո Ռուիս դե լա Սերնա
Ս.թ. ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 101 տարին (1915-1923թթ.): 2015թ.-ին Իսպանիան կորցրեց պատմական հնարավորություն ճանաչելու, որ «Միություն և առաջընթաց» կոմիտեի կողմից կառավարվող Օսմանյան Կայսրությունում իրականացրած սպանությունների քաղաքականությունը՝ գնդակահարությունների, սառը զենքերի, սովի մատնելու և ստիպողաբար իրականացված տեղահանումները դեպի անապատ՝ ուղղված էին մի ծրագրի իրականացմանը, որի նպատակը Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի ոչնչացումն էր:
Ոչնչացման իրականացման հեղինակները մեծամասամբ մնացին անպատիժ, և հանցագործության վրա բարձրացվեց լռության հսկայական պատ, որը միայն կարողացան կոտրել սփյուռքի հայ համայնքները (Ռուսաստան, Ֆրանսիա, Արգենտինա, Միացյալ Նահանգներ): Ընդհանուր առմամբ, հանրային կարծիքը հաղորդակից չէր հայերի տառապանքին: Տարիներ շարունակ Թուրքիայի Հանրապետության ճնշումները արգելեցին որ հիշատակի բազմաթիվ փորձեր՝ իրականություն դառնան: Իհարկե, եղել են թուրքեր, ինչպես Օրհան Փամուկը և Թաներ Աքչամը, ովքեր ուժ են գտել առերեսվելու անցյալի հետ և ճանաչելու ողբերգության շարունակականությունը:
Ինձ տխրեցնում է, որ Իսպանիան չի ուղեկցում Գերմանիային, Կանադային, Ֆրանսիային, Հունաստանին, Իտալիային, Նիդերլանդներին, Լեհաստանին, Չեխիայի Հանրապետությանը, Ռուսասատանին, Շվեդիային, Շվեյցարիաին և Վատիկանին, ի թիվս այլ պետությունների՝ պաշտոնապես ճանաչելով հայերին այն երկրի երեսից բնաջնջելու փորձը, որի վրա նրանք ծնվել են:
Անցել է ավելի քան հարյուր տարի և Իսպանիան շարունակում է մնալ այն երկրների ցանկում, որոնք չեն ունեցել բավարար բարոյական հստակություն և անկախություն, պատմության ճիշտ կողմում կանգնելու համար: Միգուցե անհրաժեշտ է ավելի շատ պատմել տեղի ունեցածի մասին: Միգուցե անհրաժեշտ է ավելի շատ գրել, հրատարակել, ավելի շատ խոսել այն ծայրահեղ անարդարության մասին, որը կրել են հայերը և այլ քրիստոնյա համայնքները: Այ՛ո, հարկավոր է հիշել քրիստոնյա հույներին, նեստորիացիներին, փոքրամասնություններին, որոնք ենթարկվել են կոտորածների: Նրանց գերեզմանների և եկեղեցիների պղծումը, վանքերի և դպրոցների ավերումը, արվեստի բնաջնջումը և, ընդհանրապես, ջանքերը՝ ուղղված` նրանց բնակավայրերից, նրանց իսկ գոյության բոլոր հետքերի ջնջմանը:
Ո՞վ գիտի, մի գուցե հարկավոր է պնդել, որ անցյալը չի անհետանում ժամանկների խավարում, այլ վերափոխվում է ներկայի: Այն մեր որոշումները չի կանխորոշում, սակայն մենք նրա կարիքն ունենք, հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ:
Մեծ կենտրոնական կայսրությունների ոչնչացումը, մասնավորապես՝ Ավստրահունգարական, Ռուսական և Օսմանյան կայսրությունների, հանգեցրեց քաղաքակրթությունների և մայրցամաքների միջև բաժանումների, որոնք առայսօր շարունակում են մնալ հակամարտությունների օջախաներ: Օրինակ՝ Ուկրաինան, Հարավային Օսեթիան, Եվրոպայի այն տարածքները, որտեղ բնակվում են լեզվական կամ էթնիկ փոքրասնություններ… Շարունակում ենք ապրել այդ կայսրությունների շողքի տակ: Վերջին շաբաթներին, ոչ մեկի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի և ԱՄՆ ռազմավարական դաշնակից ու ռուսական զինամթերքի գնորդ Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները հիշեցրեցին, որ անցյալը հենց այնպես չի մոռացվում:
Անհնար է խոսել ժամանակակից աշխարհի մասին առանց նշելու ցեղասպանությունների սարսափը, դաշտերը, գնացքները, ընդհանուր գերեզմանափոսերը, ստիպողական աշխատանքները, տանջալի երթերը որպես սպանության միջոց և խարույկները, որոնցում սկզբում այրվում էին գրքերը, հետո՝ դիակները: Հայնեն պայծառատես էր, երբ նախազգուշացրեց, որ այնտեղ, որտեղ սկսում են գրքեր վառել, ավարտում են վառելով մարդկանց: Կրակը մեր ժամանակներում որոշակի սիմվոլիկ ուժ պետք է որ ունենա: Մորդեջաի Գեբիրտիգը, մեծն հրեա բանաստեղծը, որպես իր ամենահայտնի տողերի վերնագիր ընտրել է «Es brennt» բառերը, թարգմանաբար՝ «այրվում է»՝ նկարագրելով կրակին հանձնված հրեական բնակավյրերը: Ստեղծագործության տարեթիվը 1938 թվականն է: Ընդամենը մեկ տարի անց նացիստները գրավեցին Լեհաստանը: Երբ Ֆրանց Վերֆելը, գերմանախոս չեխ վիպասանը, ով ծնվել էր Հաբսբուրգյան մենիշխանության օրոք, նկարագրեց հայերի դիմադրությունը օսմանացիների դեմ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում: Եվրոպայում նկատվում էին դեպի Աուստվից տանող առաջին քայլերը՝ հակասեմիտիզմը, ռասիզմը և ատելության ելույթները, պոպուլիզմը, առաջնորդի պաշտամունքը, արյունը և բռնությունը, պատմության մանիպուլյացիան, տեխնոլոգիաների կիրառումը զանգվածներին մանիպուլյացիայի ենթարկելու և վերահսկելու համար… Ոմանք պնդում են, որ միայն հրեան կարող էր գրել այդպիսի գիրք, որը նկարագրում է Մովսեսի լեռան, այսինքին՝ Մուսա Դաղի վրա հայկական պաշտպանությունը օսմանացիների դեմ քառասուն օրվա ընթացքում: Պարտիզանուհի և գետոներում մարտնչող Հաիկա Գրոսմանը պատմել է, թե ինչպես այս վեպը ձեռքից ձեռք էր անցնում Հոլոքստի Եվրոպայում դիմադրություն իրականացնող հրեաների միջև: Մարսել Ռեիխ-Ռանիկին, հայտի գրական քննադատը, ով արտահայտում էր Միջին Եվրոպայի ոգին, պատմել է՝ ինչպես Վերֆելի տեքստը մեծ հաջողություն ունեցավ գետտոներում: Ինչպես հայերը, ովքեր փրկեցին գրքերը և պարտիտուրաները՝ դրանք թաքցնելով իրենց տներում կամ մասնատելով, որպեսզի հետո միացնեին իրար, հրեաները դիմադրեցին գետտոների սարսափին՝ փորձելով գրել, կարդալ և ուսանել: Եթե գնաք Մատենադարան՝ հին ձեռագրերի ինստիտուտ Երևանում, չմոռանաք, որ ժողովուրդը, որ պահպանել է այդ մշակույթը, դրա դիմաց վճարելէ արյամբ:
Այսպիսով՝ Հայոց ցեղասպանությունը ուղղակիոեն կանխորոշում է 20-րդ դարի պատմությանը: Նախազգուշացնում է այն սարսափի մասին, որն իրենց հետ բերելու էին մեր ժամանակի ցեղասպանությունները և Միջին Արևելքում քրիստոնյաների ոչնչացումը, որն իրականացվում է Իսլամական պետության կողմից վերահսկվող տարածքում:
Հայերի անսահման ողբերգության մեջ հանդիպում ենք գնացքների, երթերի, գերեզմանափոսերի, մտավորականության ներկայացուցիչների սպանությունների և այն ամենի հետ, ինչ Ռաֆայել Լեմկինը նկարագրում էր «ցեղասպանություն» եզրույթի ներքո:
Հույսս չեմ կորցնում, որ Իսպանիան մեկ օր կճանաչի մեր ժամանակների այդ կարևոր եղելիությունը: Հայոց ցեղասպանությունը նախազգուշացման կոչ է պարունակում մարդկության համար: Քրիստոնյաներին շարունակում են բնաջնջել Միջին Արևելքում, միջազգային հանրության ցուցաբերած վախկոտ մոտեցման (հանցակից լռության չասելու համար) ներքո: Որոշ դեպքերում հանցակցությունը պասիվ չէ, այլ ակտիվ: Քրիստոնյա փոքրամասնությունները Միջին Արևելքում շարունակում են ապացույց հանդիսանալ առ այն բազմազանության, որը ջիհադիստները, իսլամիստները և ծայրահեղականները հանդուրժել չեն կարող:
Լեռնային Ղարաբաղում հայերի տառապանքը, որոնք մեկուսի են և արհամարված ավելի քան քսան տարի, պարզ ապացույցն է այն մասին, որ արդարադատություն չի իրականացվել: Ո՛չ, հայերը թույլ չեն տա իրենց բնաջնջել և կդիմակայեն ինչպես անցյլում: Կդիմանան, ինչպես դա անում են արդեն հարյուր տարի է: Չեն մոռանա՝ ով են ու որն է իրենց պատմությունը:
Եվս մեկ տարի, մեր թերթի այս սյունյակը, հիշում է Հայոց Ցեղասպնությունը և հայցում է Իսպանիայի կողմից դրա ճանաչում: