ԻՊ-ի գրոհայինների ներկայությունը կարող է բացատրել Ադրբեջանի ուժերի բարբարոսական գործողությունները.Հ. Նաղդալյան
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ելույթէ ունեցել ԵԽԽՎ-ում: Նա խոսել է օրերս Ադրբեջանի ու Իսլամական պետության գրոհայինների դավադիր ու վտանգավոր համագործակցության մասին: Նաղդալյանը բարձրաձայնել է՝ եթե նմանատիպ աղետալի երևույթները չկանխվեն, ցավոք, կրկին պատերազմներ կլինեն:
«Երկիրը միլիարդավոր եվրոներ է ստանում ներգաղթյալների հոսքը կառավարելու համար, որի պատճառներից մեկը նաև «Իսլամական պետության» գործողություններն են: Մյուս կողմից՝ լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, տեղեկություններ կան, որ Թուրքիան ֆինանսապես աջակցում է «Իսլամական պետությանը»՝ ահաբեկչական խմբից ցածր գներով նավթ գնելով»,- ասել է նա: Հերմինե Նաղդալյանը, վկայակոչելով լրատվամիջոցներին, նշել է նաև, որ օտարերկրացիները միանում են ահաբեկչական խմբավորմանը՝ ճանապարհ անցնելով Թուրքիայով:
«Այժմ «Իսլամական պետությունը» կորցնում է իր ուժը Սիրիայում, բայց անհանգստացնող ազդանշաններ կան, որ այն կձգտի ապակայունացնել այլ տարածաշրջաններ, այդ թվում՝ Հարավային Կովկասը: Ապրիլի 2-ին Ադրբեջանը հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի վրա: Շատ լրատվամիջոցներ հաղորդել են, որ ադրբեջանական բանակի կազմում կռվում են «Իսլամական պետության» գրոհայիններ: Գուցե նրանց ներկայությունը կարող է բացատրել բարբարոսական գործողությունները, որ իրականացրել են Ադրբեջանի ուժերը պատերազմի չորս օրվա ընթացքում»,- հայտարարել է Նաղդալյանը: Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները ներառում են քաղաքացիական օբյեկտների, դպրոցների ռմբակոծում՝ սպանելով և խեղելով քաղաքացիների, երեխաների և ծերերի, ԻՊ-ի ոճով գլխատումը և գլուխը հանրությանը ցուցադրելը:
«Արյունահեղությունն այս պահին դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաջության շնորհիվ, այնուամենայնիվ, մտավախություններ կան նոր տարածաշրջաններ ԻՊ-ի հնարավոր ընդլայնման վերաբերյալ, որն, անշուշտ, կբերի նոր պատերազմներ և ողբերգություններ»,- ասել է նա: