Փաշինյանը ասուլիս է հրավիրել Հրազդանի ընտրությունների առնչությամբ
Հրազդանում երեկ՝ ապրիլի 17-ին կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Հրազդանում երեկ չեն եղել լցոնումներ, կրկնակի քվեարկություններ: Ընտրությունների վերահսկման այն մեխանիզմը, որ մենք ներդրել էինք, բացառում էրնմանատիպ երևույթները: Մենք ի գիտություն ենք ընդունում ընտրությունների արդյունքները: Մենք շատ կարեւոր ենք համարում քաղաքական փոփոխություններ բերելն ու փոփոխությունների հասնելը, սակայն ակնհայտ է՝ հնարավոր չէ փոփոխության հասնել՝ առանց հանրության մեծամասնության ցանկության: Այսօր մենք արձանագրում ենք, որ հրազդանցիների 50+1 տոկոսը փոփոխություններ բերելու պատվեր մեզ չի տվել, իհարկե, դա եղել է ընտրակաշառքի բաժանման եւ հարկադրանքի միջոցով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ պատգամավորը վստահ է՝ եթե ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն ընտրակաշառք չբաժաներ, հաղթանակի չեր հասնի:
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանը. ով ստացել է 12 հազար 510 ձայն (50,3 տոկոս): «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն ստացել է 10 հազար 267 ձայն (42 տոկոս), իսկ «Հայկական վերածնունդի» թեկնածու Արթուր Միսակյանը՝ 1237 ձայն (5 տոկոս):