Ռուս գործընկերները հայկական կողմից ժամանակ խնդրեցին /վիդեո/
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստից հետո երկու կողմերի ներկայացուցիչները հանդես եկան հայտարարություններով:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդգծեց` նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի իրականացրած լայնամասշտաբ ռազմական գործողություններին վերաբերող հարցերը: Հայկական կողմը շեշտել է` Ադրբեջանը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության պահպանման համար:
«Կողմերը կարևորել են ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման խնդիրը: Կողմերը քննարկել են համատեղ ելույթով հանդես գալու որոշումը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն` կարճ ժամանակահատվածում ընդհանուր հայտարարության տեքստը համաձայնեցնելու մասին: Ռուսական կողմը ժամանակ է խնդրել հայկական կողմի առաջարկած հայտարարության տեքստի լրամշակման ուղղությամբ աշխատանքներ կատարելու համար: Կարճ ժամանակում տեքստը կհամաձայնեցնենք ու կհրապարակենք», – ասաց Կորյուն Նահապետյանը:
Վերջինս վստահեցրեց` համակողմանի անդրադարձ է կատարվել ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության ուղղությունների, ռազմատեխնիկական և ռազմաարդյունաբերական ոլորտներում երկկողմ համագործակցության ոլորտներում, մասնավորապես ՀՀ և ՌԴ ԶՈւ փոխգործակցության ամրապնդմանը և հակաօդային պաշտպանական ուժերի միասնական համակարգի ստեղծմանը:
ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Չեկալին իր հերթինընդգծեց` քանի որ շատ ավելի վաղ էր նախատեսված նիստն անցկացել, իրենք չէին կարող նման զարգացումներ ենթադրել, ուստի ժամանակ են խնդրել հայկական կողմից հայտարարության տեսքը համաձայնեցնելու վերաբերյալ: