Կառավարությունն ընդունել է ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության 2016-2020 թթ ռազմավարությունը
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության եւ սպասարկման 2016-2020 թվականների ռազմավարությունը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հանձնարարվել է` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6-ամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության բնակչության շտապ բժշկական օգնության եւ սպասարկման 2016-2020 թվականների ռազմավարությունն ապահովող միջոցառումների ծրագիրը եւ այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հավանության։
Նոր ռազմավարությամբ, մասնավորապես, նախատեսվում է.
1) Կառուցվածքային փոփոխություններ, որոնք պետք է բխեն շտապ բժշկական օգնության առավել արդյունավետ կազմակերպման սկզբունքից եւ կրեն շարունակական բնույթ:
2) Երեւանում եւ Հայաստանի Հանրապետության մարզերի խոշոր քաղաքների շտապ բժշկական օգնության բրիգադներում մասնագիտացված բրիգադների, այդ թվում` մանկաբուժական, ձեւավորում:
3) Առողջության առաջնային պահպանման օղակի ուժեղացում, աշխատանքի սկզբունքների վերանայում` շեշտադրելով կանխարգելումը եւ քրոնիկ հիվանդների պատշաճ շարունակական հսկողությունը, գործընթացի հիմքում դնելով ըստ կատարված աշխատանքի որակի վարձատրման սկզբունքը:
4) Երեւանի բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում եւ 3-րդ մակարդակի բաժանմունքներ ունեցող բժշկական հաստատություններում վերակենդանացման եւ անհետաձգելի բուժօգնության ծառայությունների արդիականացում։
5) Շտապ բժշկական օգնության ավտոպարկի շարունակական նորացում եւ ժամանակակից սարքավորումներով եւ դեղարկղով ապահովում:
6) Հայաստանի Հանրապետության մարզերի շտապ բժշկական օգնության կայանների համալրում տեղանքի ռելիեֆին համապատասխանող, ամենագնաց տրանսպորտային միջոցներով:
8) Կանչերի ընդունման եւ փոխանցման բազմամակարդակ (տարամակարդակ) միասնական համակարգչային համակարգի ներդրում անկախ բժշկական օգնության ծառայության ենթակայությունից:
12) Միասնական տեղեկատվական տեխնոլոգիաների հաշվետվական-վերլուծական ծրագրերի ներդրում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: