Արյունը արդեն գլխներիս է խփում. Տավուշում պատրաստվում են
«Կրակում են, բայց դա ակտիվ բնույթ չի կրում: Այդպիսի կրակոցները միշտ էլ եղել են:Մենք պատրաստ ենք դրանց բներից հանելու ու ոչ մի վայրկյան մեր զգոնությունը չենք կորցնում: Չինարիում այս պահին հանգիստ է, բայց հանգիստը միշտ էլ հարաբերական է: Էսքան խոշտանգված երեխեքի համար պատասխան պետք է տան: Արյունը արդեն գլխներիս է խփում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:
Սաղոյանը նշեց, որ գյուղի տղամարդիկ ամեն օր սեփական նախաձեռնությամբ բարձրանում են գյուղի սահմանային հատվածները և հերթապահությամբ հսկողություն սահմանում:
«Մենք մեր հողի ու հայրենիքի պաշտպանն ենք: Հայոց բանակը շատ հզոր է , սակայն մեր փոքրիկ լուման ուզում ենք ունենալ սահմանների պաշտպանության սուրբ գործում»,-ընդգծեց համայնքի ղեկավարը:
Արդեն հայտնել ենք, որ ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը կատարել է 9 խախտում եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: