Հայաստանը չպետք է նստի բանակցությունների՝ առանց երաշխիքների․ քաղաքագետ

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի նախագահ Ստեփան Գրիգորյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից ռազմական նախահարձակ գործողություններին եւ ասել, որ Ադրբեջանը ցանկանում էր բլիցկրիգ իրականացնել, որը չստացվեց:
Նա նշել է, որ Ադրբեջանը ցանկանում էր նաև թուլացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը, ինչը ևս չստացվեց:
Խոսելով բանակցային գործընթացից՝ բանախոսն ասել է, որ Հայաստանը պետք է Մինսկի խմբից պահանջի, որպեսզի նրանք ապահովեն իրենց իսկ առաջարկները։
«Այն է՝ սահմանից դիպուկահարների հեռացումը եւ վերահսկող տեխնիկայի տեղադրումը: Առանց երաշխիքների Հայաստանը չպետք է նստի բանակցությունների»,- ասել է նա։
Խոսելով խաղաղապահների տեղակայման հնարավորությունից՝ քաղաքագետը նշել է, որ դա բազմաթիվ հարցեր է առաջացնում։
«Օրինակ, որտեղ պետք է տեղակայվեն նրանք եւ որ երկրի խաղաղապահները պետք է լինեն»,- ասել է նա։