Ադրբեջանական կողմը հայտնել է իր մոտ գտնվող մեկ դիակի մասին- Yerkir.am
ՀՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ադրբեջանական Կարմիր խաչի ներկայացուցիչը Կարմիր խաչի ԼՂՀ ներկայացուցչին տեղեկացրել է իրենց մոտ գտնվող մեկ դիակի մասին:
«Հիմա բանակցություններ են գնում` մարմինը վերադարձնելու համար: Թե ե՞րբ կլինի վերադարձը, դեռևս չենք կարող ասել, այժմ դեռևս բանակցությունների փուլում է գործընթացը: Մենք չգիտենք խոսքն իսկապե՞ս մեր զինծառայողի մասին է, թե՞ ոչ: Մարմինը փոխանցելուց նոր պարզ կլինի, բայց հայտնի է, որ մենք ունենք մեկ անհայտ կորած զինծառայող»,- ասաց Քոչարյանը:
Նշենք, որ քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմն ուներ 19 անհայտ կորած: Ապրիլի 10-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ հայկական կողմին են հանձնվել 18 հայ զինծառայողի խոշտանգված մարմիններ, մեկ զինծառայողի ճակատագիրն անհայտ է մնում: Նշենք, որ անհայտ կորած է համարվում 23-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը: