Հիասթափեցնող սակագին
Գազի գնի շուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ վարվող բանակցություններից սպասելիքներն ավելի մեծ էին, քան այն, որ գազի գինը սահմանին էժանացավ ընդամենը 15 դոլարով, կարծում է ՀՀ Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը` ընդգծելով, որ այս առնչությամբ առավել էական արդյունքներ էին ակնկալվում` հաշվի առնելով տեւական ժամանակ ընթացող բանակցությունները եւ ռուսական կողմից այլ երկրներին տրված արտոնությունները:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի սահմանին գազի գնի նվազեցման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն` գործող 165 դոլարի փոխարեն «Գագպրոմ-Արմենիան» գազը կգնի 150 դոլարով:
«Դա որեւէ արտոնություն չէր Հայաստանի համար, ամբողջ աշխարհում գնում է գների իջեցում»,-նշեց Մելքումյանը` համոզմունք հայտնելով, որ շարքային սպառողի համար գազի գինը առնվազն պետք է իջնի 15-ից 24 դոլար: Նկատենք, որ մինչեւ 2017թվականը մեր տեղեկություններով, գազի սակագնի փոփոխություն թանկացման տեսքով չի լինի: