Անընդունելի է, երբ ռազմական ագրեսիայից տառապում է խաղաղ բնակչությունը. լատվիացի պատգամավոր
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա-Լիտվա-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 9-ին հանդիպել է Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել Սերգեյ Պոտապկինին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանն աջակցելու համար:
Անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ձեռնարկում է միջազգային սկզբունքներին հակասող գործողություններ՝ ահաբեկչական քայլեր կատարելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Իսկ Թուրքիայի իշխանություններն անթաքույց են խոսում Ադրբեջանին աջակցելու եւ պաշտպանելու մասին:
Էդուարդ Շարմազանովն անընդունելի է համարել միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշան դնելը, քանի որ մեր պետությունը հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով լուծման կողմնակիցն է: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արժանի է իրացնելու ինքնորոշման իր իրավունքը: Նա հույս է հայտնել, որ ի վերջո կհաղթի բանականությունը, եւ միջազգային հանրությունը կհասկանա, որ մարդկային կյանքն ավելին է, քան զենքը եւ գումարը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ երբ աշխարհում խոսեն օրենքները, զենքերը կլռեն, եւ կվերականգնվի պատմական արդարությունը:
Սերգեյ Պոտապկինն իր խոսքում նշել է, որ հակամարտության սրացման ընթացքում որոշել է այցելել Հայաստան եւ ծանոթանալ իրավիճակին: Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է տեսնի իրական պատկերը, ոչ թե ծանոթանա դրան մամուլից: Լատվիացի պատգամավորի խոսքով՝ անընդունելի է, երբ ռազմական ագրեսիայից տառապում է խաղաղ բնակչությունը: Այս առումով խաղաղության վերահաստատումն առաջնահերթ խնդիր է, եւ հակամարտության սրացումները չեն նպաստում խաղաղության հաստատմանն ու պահպանմանը:
Հիշեցնենք, որ առավոտյան լինելով Եռաբլուր պանթեոնում՝ Սերգեյ Պոտապկինը նշել է, որ տպավորված է եւ կիսում է վերջին օրերին զոհված զինվորականների հարազատների Նույն օրը Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի ղեկավարները ծաղիկներ են խոնարհել սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Սերգեյ Պոտապկինը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել վավերագրերին եւ գրառում կատարել պատվավոր հյուրերի մատյանում: