Մեր զինվորներին քաջություն մաղթել չեմ ուզում. Լևոն Զուրաբյան
Այսօր ԱԺ-ում բրիֆինգի ընթացքում Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե այս օրերին չի ուզում խոսել տարաբնույթ թեմաներից: Ողջ հայությունն այս օրերին առավելապես խոսում է մի թեմայի մասին՝ Արցախում տեղի ունեցած վայկրագությունների ու մեր քաջարի մարտիկների իրականացրած հզոր գործողությունների մասին:
‹‹Օրերս հոսպիտալում էի: Մի վիրավոր զինվորի հետ խոսեցի: Սկզբում չէի էլ իմացել: Հետո իմացա՝ երկու ոտքն էլ ամպուտացիայի էին ենթարկել, բայց այդ զինվորի դեմքի հպարտությունը, ժպիտը չեմ մոռանում: Մենք չենք կոտրվել, մեր ոգին չի կոտրվել››,- ասաց Զուրաբյանը:
‹‹Պետք է հասկանանք՝ ինչպես եղավ, որ Ադրբեջանը տեխնոլոգիապես մեզնից ավելի առաջ է կանգնած: Եթե մենք ունենայինք համապատասխան զինատեսակներ, այսքան կորուստներ չէինք ունենա: Թշնամին չէր հանդգնի հարձակվել մեր երկրի վրա: Մենք այս ամենից պիտի դասեր քաղենք››, – ասաց Լևոն Զուրաբյանը:
Զուրաբյանը մաղթեց, որ վիրավոր զինվորները շուտով առողջանան ու ոտքի կանգնեն:
‹‹Մեր զինվորներին քաջություն մաղթել չեմ ուզում: Գիտե՞ք ինչու. այս օրերին նրանք ապացուցեցին, որ դրա պակասը չունեն: Մարտական ոգին ամուր է նրանց մեջ››, – ասաց Լևոն Զւրաբյանը: