23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՂ հարցն ու Րաֆֆու դիրքորոշման վտանգը

 ‘’Մինսկի խումբը արդեն իսկ թե ղարաբաղյան խնդրով, թե Հայաստանի նախագահական ընտրություների խնդրով ապացուցել է, որ ինքը չի ճանաչում ժողովուրդների կամարտահայտության իրավունքը ` բառիս բուն իմաստով:

Եթե նա դա ճանաչեր, Ղարաբաղի խնդիրն այս վիճակում չէր լինի, եւ Ղարաբաղը դուրս մղված չէր լինի գործընթացից: Եթե նա ճանաչեր ժողովրդի կամարտահայտությունը, այսօր չէր շտապի շնորհավորել նախագահի պաշտոնում վերընտրված մարդուն’’,- Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով երեկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե այլեւս չպետք է ճանաչել ԵԱՀԿ ՄԽ գործառույթները, ասաց “Ժառանգության” քարտուղար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Henaran.am-ի դիտարկմանը, թե հատկապես վերջին շրջանում Ադրբեջանն ապարդյուն ջանքեր է գործադրում խաղաղ կարգավորման գործընթացի ձեւաչափի փոփոխության ուղղությամբ, արդյո՞ ք նման հայտարարությունները ինչ-որ առումով Բաքվի դիրքորոշմանը համահունչ  չեն դիտարկվում, Ստյոպա Սաֆարյանն ասաց.

’’ Իսկ ո՞վ է ասել, որ դիվանագիտությունը նա է , որ մենք պիտի անենք այն, ինչին Բաքուն դեմ է կամ կողմ է : Բացարձակապես: Սա ՀՀ  շահի խնդիր է, եւ եթե ՀՀ քաղաքացիները տեսնում են, որ ՄԽ-ը անուղղակի, իր շնորհավորանքներով կամ  Ղարաբաղի դուրսմղմամբ հանդուրժում է կամ չի ճանաչում ժողովրդի կամարտահայտության իրավունքը, ապա այս դեպքում իսկապես խնդիր կա եւ կապ չունի, թե ՄԽ վերաբերյալ Ադրբեջանը ինչ դժգոհություններ ունի: Դա  բացարձակապես սրա հետ կապ չունեցող խնդիր է’’:

Տեսականորեն, ՄԽ գործառույթները չճանաչելը, արդյո՞ ք չի նշանակի, որ հայկական կողմը միակողմանիորեն դուրս է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացից եւ արդյո՞ք նման քայլը պատերազմի վերսկսման առիթ չի հանդիսանա:

Այս հարցին Ստյոպա Սաֆարյանն արձագանքեց.’’Այ մարդ, պատերազմի վտանգ միշտ էլ կա: ՄԽ-ը  կլինի, թե որեւէ այլ ձեւաչափ, անթույլատրելի է,  որ Ղարաբաղը ներկայացված չլինի: Միայն Ղարաբաղի բացակայությունը արդեն ինքնին բավարար է ` որեւէ ֆորմատ մերժելու համար:

Այսինքն, միայն նրա համար, որ բանակցությունները չընդհատվեն, կարելի՞ է չճանաչել հայ ժողովրդի կամարտահայտության իրավունքը: Այո, Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` չեմ ճանաչում, որովհետեւ ՄԽ-ը վերջին  նախագահական ընտրություններում ի ցույց  դրեց, որ չի ճանաչում ժողովրդի կամարտահայտության իրավունքը, այլապես չէր շնորհավորի չընտրված  նախագահին’’:

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելուց հետո, եթե Ադրբեջանի հետ սահմանային խնդիրներ լինեն, Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի դա քննարկել:

‘’Իսկ ինչո՞ւ Հայաստանը պիտի սակարկի Ղարաբաղի կայացած անկախության փաստը, ինչը ցավոք սրտի, անում է Սերժ Սարգսյանը, որը միջազգային հանրության դեմ գործարքի մեջ է ընդդեմ Ղարաբաղի եւ ակնհայտ է, որ աշխարհի հզոր երկրների  նախագահները նրա նախագահության երկրորդ շրջանը ճանաչել են գործարքի արդյունքում, որի բաղկացուցիչներից մեկը Սերժ Սարգսյանի պարտավորությունն է, ինչպես Բարաք Օբաման է ձեւակերպում, բովանդակալից քայլեր կատարել  Ղարաբաղի խնդրում’’,-շարունակեց “Ժառանգության” ներկայացուցիչը:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի` գործող իշխանությունների թողտվությամբ  Ադրբեջանն այնքան է ուժեղացել, որ իրեն այսօր կարող է թույլ տալ սպառնալ.’’Այսինքն, ստատուս -քվոն արդեն փոխվել է եւ պետք չի ներկայացնել, թե ստատուս -քվոն չի փոխվել, եթե ստատուս -քվոն փոխված չլիներ, Հայաստանը եւ Ղարաբաղը այսօր  հաղթանակած կողմի ձայն կունենային, ոչ թե կհայտնվեին խեղճացված կողմի կարգավիճակում’’:

Henaran.am-ի դիտարկմանը, թե խոսելով Ադրբեջանի հետ սահմանային խնդիրներ քննարկելու պատրաստակամությունից, “Ժառանգությունն” ինչպե՞ս է պատկերացնում Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ն որպես կողմ ճանաչելու հարցի լուծումը, Ստյոպա Սաֆարյանն ասաց.

’’Իսկ ո՞վ ասաց, որ Ադրբեջանը պետք է ճանաչի: Դա Ադրբեջանի պրոբլեմն է, կճանաչի, թե չի ճանաչի: Դա Սերժ Սարգսյանի տրամաբանությունն է` Ղարաբաղի կարգավիճակը պատանդ թողնել Իլհամ Ալիեւին: Դա բացարձակ “Ժառանգության” դիրքորոշումը չի:

Ղարաբաղը պիտի լինի առաջնային կողմ, ուղղակի կողմ, Ադրբեջանը, ինքը պարտավոր է ուղղակի հաշվի նստել այդ իրողության հետ: Չի նստում, որովհետեւ Սերժ Սարգսյանը չի ասում, որ նստի’’:

Րաֆֆի Հովհաննիսյանի հիշյալ հայտարարության շուրջ Henaran.am-ը լսեց նաեւ փորձագիտական կարծիքներ: ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը մեզ ասաց, որ նախ, Հայաստանի  կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը, ինչն առաջարկեց Րաֆֆի Հովհաննիսյանը,  իր մեջ չի պարունակում  հիմնախնդրի կարգավորմանը նպաստող տեսլական.

‘’ Դա քաղաքական գործչի կարծիքն է: Գուցե ունի փաստարկներ այդ դիրքորոշման օգտին, բայց այն չի համապատասխանում այսօրվա իրական հնարավոր զարգացման սցենարներին’’:  Իսկ ինչ վերաբերվում է ՄԽ գործառույթները չճանաչելուն, Ալեքսանդր Մարկարովը շեշտեց.

’’ ՄԽ  գործառույթների չճանաչումն ինչ-որ իմաստով համընկնելու է այն դիրքորոշումների հետ, որոնց շրջանակներում Հայաստանին փորձում են  հանել բանակցային գործընթացից, դադարեցնել բանակցային գործընթացն այդ ֆորմատի մեջ, իսկ առայժմ ուրիշ հայտնի ֆորմատ գոյություն չունի’’:

Ըստ քաղաքագետի, եթե ՄԽ ձեւաչափից դուրս այլ ձեւաչափ չկա եւ մերժվում է առկա ձեւաչափը, նշանակում է բանակցային գործընթացի եթե ոչ տապալում, ապա լուրջ վտանգի տակ դնել, ինչը, բնականաբար, չի բխում  հայկական կողմերի շահերից: ‘’Մենք դիտարկում ենք այս հակամարտության կարգավորման գործընթացը միայն ու միայն խաղաղ ֆորմատի շրջանակներում, որն այսօր սա է, իսկ եթե մենք դուրս ենք գալիս այդ ֆորմատից, նշանակում է,  մենք դուրս ենք գալիս բանակցային գործընթացից, իսկ դա այն դրույթն է, որն այսօր ձեռնտու է ոչ թե Հայաստանին, այլ կողմին’’,-ընդգծեց քաղաքագետը:

Henaran.am-ի հետ զրույցում  մեկ այլ քաղաքագետ` Սերգեյ Շաքարյանցը կարծիք հայտնեց, որ  ՄԽ գործառույթները չընդունելու մասին հայտարարությունը որեւէ կապ չունի բուն գործընթացի հետ եւ շատ է կտրված իրականությունից: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ