Սա վիրավորական է, մեր սահմանը հիմա ռմբակոծվում է … ԱԺ-ում կրքերը բորբոքվում են
ԱԺ-ն այսօր քննարկում է 2007թ. հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման եւ կարգավորման (վերացման) ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ եւ այլ գերատեսչությունների՝ փոխգործակցության կազմակերպման կանոնակարգի հաստատման մասին» արձանագրությունը: ԱԺ-ում այս արձանագրությւնը ներկայացրեց ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը դիմեց Արզուման Հարությունյանին. «Դուք տեղեկանք եք ներկայացրել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ստորագրութամբ: Այս արձանագրության մեջ ներառված են Բելառուսը, Ղազախստանը, ՌԴ-ն ու Ղըրղզստանը, նրանցից որեւէ մեկը չի վավերացրել: Հիմա դուք չորսամյա վաղեմության տեղեկանք եք բերել, որ միայն Ուկրաինան է ստորագրել:
Սա վիրավորական է. մեր սահմանը հիմա ռմբակոծվում է ստորագրածների կողմից, Ղազախստանը հրաժարվում է գալ Երեւան՝ քննարկման: Սպասեք խաղաղ կարգավորում լինի, որ տեսնենք՝ մեր բարեկամները ինչպես են իրենց պահում: Ի՞նչ պատգամ ենք այսպիսով ուղարկում. անգամ Սերժ Սարգսյանն ասաց, որ մենք մտահոգ ենք, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին: Ասածս ինչ է՝ ամեն մի դեմ տված թուղթ չվավերացնենք: Տասնմեկ երկիր կա արձանագրության մեջ, սակայն վավերացրել են այս ընթացքում ընդամենը երեքը, հիմա մենք ուզում ենք չորրո՞րդը լինել»:
Արզուման Հարությունյանն ընդգծեց, որ շփման գծում վերջին դեպքերն, ըստ էության, կապված չեն այս արձանագրության հետ. «ԱԱԾ հանձնաժողովի կողմից քննարկվել է այս արձանագրությունը, ես տեղյակ չեմ: Այս հարցը հրատապություն է պահանջում, որ նշված արձանագրություններով սահմանված դրույթներից օգտվենք»:
Ալեքսան Արզումանյանը նշեց, որ ինքը չի մեղադրում ԱԱԾ պետի տեղակալին: «Տասը տարի չենք վավերացրել այս արձանագրությունը, կարող էինք մի կես տարի էլ չվավերացնել, որ տեսնենք մեր բարեկամները ինչ մտադրություններ ունեն այս գործողությունների ֆոնին», – ասաց Արզումանյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց. «Մեզ ուղղված մեղադրանքներին ասեմ՝ մենք առայժմ ընդամենը քննարկում ենք ու մենք պակաս մտահոգված չենք շփման գծին վերաբերող հարցերով: Եկե՛ք այս օրերին ընդդիմության ու ղեկավարության չբաժանվենք. մենք պետք է քննարկենք, իսկ քվեարկության մասին կխոսենք, երբ կգա ժամանակը: Այս հարցի քննարկումը այս պահին շատ կարեւոր է»: