Ծիծաղելի պատճառաբանություն. դարձյալ ԱԳՆ շենքի վաճառքի շուրջ
Ճարտապարատների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին ԱԳՆ շենքի վաճառքը չեղյալ համարելու խնդրանքով: Այս մասին հայտնեց ինքը`Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
“Այդ շենքը հանրապետական կարգի հուշարձան է մի հրապարակում, որը վարչական կենտրոնն է մայրաքաղաքի: Մի շարք օրենքներ կան, որոնք ուղղված են մշակութային արժեքները պահպանելուն, որոնք սակայն այս դեպքում անտեսվում են և հաշվի չեն առնվում”,-հայտարարեց Մկրտիչ Մինասյանը:
Մկրտիչ Մինասյանի համոզմամբ, 52 մլն դոլարը շենքի միայն հողային արժեքն է, և չի ներառված շենքի մշակութային, պատմական արժեքը, իսկ աճուրդը կրում էր միայն “ֆիկցիայի” բնույթ:
Հանդիպմանը ներկա էր նաև ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ով նշեց, որ օրենքի խախտումներով է կատարվում ԱԳՆ շենքի վաճառքը:
“Ցանկացած հուշարձան պետք է ունենա պահպանման արտոնագիր: Այսօր ոչ մի հուշարձանի վերաբերյալ պահպանողական պայմանագիր ստորագրված չէ: Մենք ասում ենք, որ խախտվել է օրենքը: Պետք է ունենային լիազոր մարմնի թույլատվությունը, պետք է քննարկվեր այդ հարցը”,-համոզված է բանախոսը:
Ճարտարապետը հայտնեց, որ շենքի վաճառքի վերաբերյալ գործարքը երկու տարի է ընթանում է, և իր բոլոր հարցումներին պետական մարմինները պատասխանել են, որ նման բան չկա մինչև պաշտոնապես հայտարարվեց, որ արդեն վաճառված է:
“Ծիծաղելի պատճառաբանություն է այն, որ ԱԳՆ շենքը այլևս չէր կարող ծառայել որպես նախարարության շենք: Թող այլ նախարարություն լինի այդ տեղում: Այս կարգի գործարքները կատարվում են անգիտակցաբար, մեր բոլոր ասածնները ընկալում չունեն կառավարության մոտ”,-եզրափակեց Ճարտարապետների միության նախագահը: