Ռուսները սիրախաղ են անում Ադրբեջանի հետ․ քաղաքագետ
«Մի բան պարզ է․ թուրքերն իրենց հաշիվների մեջ սխալվել են։ Ասում եմ թուրքեր․ ում ուզում եք, կարող եք նկարի ունենալ այս դեպքում՝ ադրբեջանցիներին էլ, Թուրքիայի թուրքերին էլ», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
«Թուրքերը հաշվարկել էին, թե արտագաղթը, ժողովրդի ճնշված վիճակը պիտի առիթ լիներ, որ իրենք կարողանային հաղթել մեզ։ Ռուս-թուրքական հարաբերություններին էլ անդրադառնամ․ այս քայլին գնալով՝ թշնամին հույս ուներ, թե Սիրիայում Ռուսաստանի ճնշումը Թուրքիայի վրա կթուլանա։ Բայց պլանները ձախողվեցին։ Հիմա էլ ռուսները սիրախաղ են անում Ադրբեջանի հետ»։
Քաղաքագետը նշեց՝ Հայաստանը ցույց տվեց, որ հայ ժողովուրդն ազատատենչ է ու զորեղ։
«Տարբեր վերլուծաբաններ տարաբնույթ գնահատականներ են տալիս։ Բայց ես ասում եմ՝ սա պատերազմ էր։ Այս օրերին թշնամին հասկացավ՝ ռազմական ուժով ոչ մի հարց լուծել չի կարելի։ Միլիարդների զենքերը վառվեցին օդի մեջ ՝ մերոնց քաջարի գործողությունների շնորհիվ», – ասաց քաղաքագետը։
Լևոն Շիրինյանը հիշեցրեց՝ պատմությունը ցույց է տվել՝ թուրքի խոսքին հավատալ պետք չէ։ Պետք չէ հավատալ նույնիսկ ռազմավարական գործընկերոջը։
Իսկ այս համեմատաբար խաղախ վիճակը հարաբերական է։ Հարկավոր է զգոն լինել ու սպասել վատագույնին։
«Եթե այս հարցը մնա այսպես, էլի վիճակը նույնն է լինեու։ Պետք է այս հարցին վերջնական լուծում տալ, այլապես այս մղձավանջը շարունակնվելու է այսպես՝ տասնամյակներ շարունակ։ Եթե ուզում ենք ազատ ապրել, պիտի Ադրբեջանին ճնշենք, կորուստներ պատճառենք։ Ինչքան առաջ շարժվենք, այնքան թշնամիները կխելոքանան», – ասաց քաղաքագետը: