Երևանում մեկնարկում է բասկետբոլի միջազգային հուշամրցաշար
Վաղը Երևանի “Գրանդ Սպորտ” համալիրում մեկնարկում է բասկետբոլի միջազգային պատանեկան հուշամրցաշար նվիրված միջազգային կարգի սպորտի վարպետ Վիտալի Զաստուխովի և սպորտի վարպետ Ջեմմա Իսրաելյանի հիշատակներին:
Մրցաշարին մասնակցելու են տղաների և աղջիկների 4-ական թիմեր: Բացի Հայաստանից, որը ներկայացնում են թիմեր Երևանից, Գյումրիից և Արթիկից, մրցաշարին մասնակցելու են նաև թիմեր Վրաստանի Թբիլիսի, Բաթումի և Ղազախստանի Ակտաու քաղաքներից:
Այս հուշամրցաշարը նախապատրաստական և ստուգողական կարելի է համարել մեր մարզիկների համար, որի ընթացքում ցուցաբերած արդյունքների հիման վրա ձևավորվելու են Հայաստանի աղջիկների և տղաների պատանեկան հավաքական թիմերը հուլիսին կայանալիք պատանիների Եվրոպայի առաջնությունից առաջ:
Նշենք, որ մրցաշարին մասնակցող Ղազախստանի թիմի մարզիչն է Բագրատ Առաքելյանը, իսկ նրա որդին՝ միջազգային կարգի մրցավար Համլետ Առաքելյանը, ընդգրկված է հուշամրցաշարը սպասարկող մրցավարների կազմում:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվելու են մեդալներով և դիպլոմներով, իսկ հաղթող թիմին կհանձնվի նաև գավաթ: Մրցաշարում առավել արդյունավետ խաղ ցուցաբերած 5-ական աղջիկների և տղաների համար սահմանված են խրախուսական մրցանակներ: Խորհրդանշական մրցանակներ կհանձնվեն նաև մրցաշարին ներկա Վիտալի Զաստուխովի և Ջեմմա Իսրաելյանի ընտանիքների անդամների կողմից:
Ինչպես նշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը. “Նման մրցաշարերը ոչ միայն նպաստում են մարզաձևի մասսայականացմանը, այլ նաև մեծ հարգանքի տուրք է մարզաձևի երախտավորներին”: Նրա խոսքերով, անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի լեգենդար հայ մարզիկների հիշատակը վառ մնա երիտասարդ մարզիկների մոտ և նոր սերունդը ձգտի նմանվել նրանց:
Մրցաշարի մեկնարկային խաղը սկսվելու է ժամը 14:00-ին, իսկ բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ժամը 19:00-ին: Փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը կկայանա մարտի 8-ին ժամը 16:30-ին՝ եզրափակիչ խաղի ավարտից անմիջապես հետո: