Ստրադիվարիուսի գողացված ջութակը գտնվել է
Բուլղարիայի ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում, ամենայն հավանականությամբ, հայտնաբերել է 20110-ին Լոնդոնից գողացված Ստրադիվարիուսի ջութակը, որը 1.5 մլն ֆունտ է գնահատվում, հաղորդում է “BBC”-ն:
Գործողությունն իրականացրել են բուլղարացի ոստիկանները` բրիտանացի ոստիկանների հետ համատեղ, եւ հիմա բրիտանական կողմը գտածոյի փորձաքննությունն է անցկացնում: Բրիտանական ոստիկանության քննիչները մտադիր են հետաքննություն անցկացնել ապահովագրական ընկերության ներկայացուցիչների եւ միջազգային մասնագետների հետ: Գործողությունը հաջողվել է իրականացնել հատուկ գործակալների շնորհիվ, ովքեր գաղտնի են աշխատում: Բուլղարական գնչուական համայնքի քրեական հեղինակություններից մեկը առաջարկել է նրանց 380 հազար դոլարով գնել եզակի գործիքը: Նրան ձերբակալել են հենց գործիքը փոխանցելու պահին:
Ստրադիվարիուսի 1696 թվականի ջութակը գողացվել էր 2010-ի նոյեմբերին Լոնդոնի մետրոպոլիտենի Յուսթոն կայարանից: Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբում հանդես եկող հարավկորեացի երաժիշտ Մին Չժին Կիմը, ում մոտ այն ժամանակ գտնվում էր գործիքը, որոշել էր սենդվիչ գնել, երբ նրա ձեռքից գողացել էին գործիքի ճամպրուկը: