ԿԽՄԿ-ն գնահատում է կարիքները հասկանալու համար իրական վիճակը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կողմերին տրամադրել բացառապես մարդասիրական օգնություն, այս մասին երեկ հաղորդագրություն էր տարածել կոմիտեի մամուլի քարտուղարությունը։
Henaran.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնեց, որ արդեն իսկ կոմիտեն իր պատրաստակամությունն հայտնել է մարդասիրական օգնություն տրամադրելու կողմերին:
«Այս շրջանկաներում ինչ պետք է հասկանանք. իհարկե առաջին հերթին այն է, որ մենք անկախ միջնորդ ենք մարդասիրական հարցերի շրջանակներում: Օրինակ, պատրաստ ենք աջակցել զոհված կամ վիրավոր զինվորների տեղափոխմանը, նրանց հայրենադարձմանը ընտանիքներին: Այս առումով, ըստ միջազգային նորմերի` մենք պատրաստ ենք գործելու, եւ մեր միջնորդությունը կարող է շատ ակնհայտ լինել»,- ասաց Զ. Ամատունին` հիշեցնելով, նաեւ տեղահանված մարդկանց եւ այլոց կարիքների գնահատման մասին.
«Այս պահին արդեն իսկ աշխատում ենք կարիքները գնահատելու համար: Այս առումով պետք է հասկանանք, թե որոնք են իրական կարիքները ներկա պահին: Նախ աշխատելով իշխանությունների հետ միասին, մյուս կողմից անմիջապես աշխատելով տեղում, քանի որ մենք ունենք Ստեփանակերտում առաքելություն եւ այսօր մեր թիմերի միջոցով փորձում ենք կարիքներն գնահատել եւ հասկանալ իրական վճակը»: