Ցանկանում էին հակամարտության կարգավորումը ամբողջությամբ տապալել․ Լավրով
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է լրագրողների հետ, որի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Նա նշել է, որ ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, հայտնում է РИА Новости-ն։ Սերգեյ Լավրովը նշել է, որ հակամարտության կարգավորման միակ ընդունելի տարբերակը Մինսկի խմբի ձևաչափն է։
«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնել են թե նախագահ Վլադիմիր Պուտինը, թե արտաքին գործերի նախարարությունը, թե պաշտպանության նախարարությունը: Ես եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կապվել ենք Բաքվում և Երևանում մեր գործընկերների հետ: Մենք մեր լրջագույն մտահոգությունն ենք հայտնել` կրկնելով ՌԴ նախագահի կողմից արված ուղերձը հրադադարի ռեժիմի խախտումների շուտափույթ ու անհապաղ դադարեցման, բարդություններ չստեղծելու և խաղաղ կարգավորմանն անցելու ջանքերը վերսկսելու վերաբերյալ: Շարունակում ենք կապի մեջ մնալ Բաքվի և Երևանի հետ»,- ասել է նա։
ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվ աշխատանքներ են տանում, կապի մեջ են երկրների հետ, այցելում են տարածաշրջան, հանդիպում նախագահներին, արտգործնախարարներին, գնում հակամարտության գոտի, լինում շփման գծում:
«Մենք պետք է ամեն կերպ աջակցենք նրանց գործունեությանը: Ճիշտ կլինի չփորձել խաթարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերակատարությունը և չգնահատել նրանց դերն ու կատարած աշխատանքները: Գործընթացը Մինսկի խմբի համանախագահների շրջանակից դուրս մտքերն օգտագործում են նրանք, ովքեր ցանկանում էին հակամարտության կարգավորումը ամբողջությամբ տապալել կամ գոնե լրջորեն բարդացնել այն։ ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ, քաղաքական կարգավորում պետք է ունենա»,- ասել է Լավրովը։