«Եթե գնացել կռվել են՝ չի նշանակում, որ պետք է հանցագործ դառնան»
«Թիրախավորելու խնդիր չկա, այս պահին քննություն է գնում, և ես չեմ ցանկանում ժամանակից շուտ մեկնաբանություն անել: Ասեմ, որ «Տիգրան Մեծ» աշխարհազորային գունդը բավականին մեծ է եղել, իսկ կռվի ժամանակ մենք միշտ մտածել ենք սահմանները պահելու մասին: Ամեն դեպքում չեմ ուզում մտածել, որ ազատամարտիկը ունակ է ահաբեկչության սեփական երկրի ներսում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբին անդամակցելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկներին ասաց «Տիգրան Մեծ» ջոկատի հիմնադիր հրամանատար , «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի տնօրեն Կորյուն Ղումաշյանը:
«Իմ ջոկատից էլ ձերբակալվածներ կան, բայց պատերազմից հետո շատ բան է փոխվել տարիներ են անցել: Հիմա ամեն մարդ իր տեղը հազիվ պատասխան տա:Ես գտնում եմ, որ այսօր հայրենիքից ոչ մեկը պահանջելու բան չունի, եթե գնացել կռվել են չի նշանակում, որ պետք է հանցագործ դառնան: Կռիվը դեռ շարունակվում է ու պետք է պետականության կողքը լինել»,-եզրափակեց ազատամարտիկը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի՝ սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված անձանց:
Զինված խմբի գործով այս պահին կա 33 մեղադրյալ, որոնց թվում է «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանը և նույն ջոկատից մի քանի ազատամարտիկներ: