«Իշխանություններն իրենց խոստումը կատարեցին»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ իշխանություններն իրենց խոսոտումները կատարեցին: Այն բոլոր ձևաչափերով քննարկումները, որոնք նախատեսված էին կամ նույնիսկ նախատեսված չէին, եղան և դեռ պետք է լինեն։
«Բոլոր այն խնդրահարույց հարցերին, որոնք առաջ են քաշվում, լսվում են, քննարկվում։ Դրանց լուծումներ են տրվել: Վերջին ձևաչափով քննարկումներն էլ իրենց արդյունքերը կտան: Չնայած այս քննարկումներին, այս ամենին` եթե անգամ բոլոր հարցերին էլ լուծումներ տանք, միևնույն է, ընդդիմությունը կգտնի հարցեր, որոնք իրենց դուր չեն գալիս»,- ասաց Կարինե Աճեմյանը։
Պատգամավորը շեշտեց, որ այս քառօրյայում, հնարավոր է, որ ԸՕ-ն չքննարկվի, որպեսզի լրամշակումներն ավարտվեն:
«Ազգային փոքրամասնությունների, էլեկտրոնային համակարգի և մնացած բոլոր հարցերը գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Ամենամեծ պատասխանատվությունը մերն է: Մենք համակարգային փոփոխությունների ենք գնացել, խորհրդարանական համակարգի անցնելով, և սրա շարունակությունը պետք է լինի Ընտրական օրենսգրքի ճիշտ ձևավորումը: ԸՕ-ում ներառված մեխանիզմները պետք է նպաստեն, որ ընտրակեղծարարություններից զերծ մնանք: Այս ամենի համար քաղաքական կամք է հարկավոր: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր միջազգային դիրքն ապահովենք: Մեր իշխանություններից շատ որևէ մեկն ավելի շատ չի մտածում մեր հեղինակության մասին»,- ընդգծեց Կարինե Աճեմյանը։