«Երկուսով ավել, մեկով պակաս… դրանից քննարկման որակը չի տուժում»
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի գնահատմամբ` կարևոր չէ, թե որ կողմը քանի հոգի կներկայանա Ընտրական օրենսգրքի 4+4+4 քննարկմանը, պահո՞ւմ է, թե՞ չի պահում ձևաչափը, կարևորը, որ ԸՕ-ի շուրջ դրական արդյունքի հանգեն:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Կարևորը արդյունքներն են, և 3 հոգի, 6, թե 5, ինձ համար կարևոր չէ: Մեզ համար մի սկզբունքային խնդիր կա դրված՝ հասնել պայմանավորվածությունների՝ բանակցությունների արդյունքում, որի միջոցով կբարձրանա քաղաքացական, քաղաքական ուժերի վստահությունն առ այն, որ կեղծիքները հասցվելու են նվազագույնի», – ասաց Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք՝ 4+4+4 ձևաչափով քննարկամ ընթացքում չպահպանվեց նախապես որոշված՝ չորսական ներկայացուցիչների բալանսը: Ընդդիմությունից բացակայում էր «Ժառանգությունը», իսկ իշխանությունն էլ ներկայացավ սահմանվածից երկու հոգի ավելի՝ 6 ներկայացուցչով:
«Մենք գիտենք, որ մինչև հունիս պետք է վերջնական եզրակացություն արվի, բայց մենք չենք գնալու ժամանակ սպանելու տարբերակով, և առավելագույնը 3 շաբաթ կմասնակցենք այս պրոցեսին, կհասնե՞նք, կհասնենք, չէ՝ կփորձենք ուրիշ մեթոդներ կիրառել»,- շեշտեց Արամ Մանուկյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը նշեց, որ այս ֆորմատը դրական է համարում:
«Երկուսով ավել, մեկով պակաս… դրանից քննարկման որակը չի տուժում, ինչպես ասաց գործընկերս: Մենք ուզում ենք, որ վստահության մակարդակը բարձր լինի: Յուրաքանչյուր կողմ պիտի հասկանա՝ եթե հարկ է, պետք է զիջի», – ասաց Սամվել Նիկոյանը: