Իշխանությունը քայլ առաջ է գնացել, բայց /վիդեո/
Ընտրական նոր օրենսգրքում ազգային փոքրամասնությունների ներգրավվածության հարցը քննարկելու նպատակով այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոեւը, եզիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ռազմիկ Խոսրոեւը շեշտեց, որ այսօր բարդ է սահմանել, թե որ ազգի ներկայացուցիչներին կարելի է անվանել ազգային փոքրամասնություն:
«Ես կարծում եմ, որ ռուսները ազգային փոքրամասնություն չեն, որովհետեւ այստեղ համալսարաններ, դպրոցներ ունեն, այսինքն՝ ազգություն, էթնիկ խումբ եւ ազգային փոքրամասնություններ հասկացությունները պարզել է պետք, որ ասորիները հասկանան՝ իրենք ազգությու՞ն են, թե՞ ազգային փոքրամասնություն: Գալու է մի օր, եւ մենք բախվելու ենք դրան»,-ասաց նա:
Հրանուշ Խառատյանը շեշտեց, որ աայս նախագիծն իրականացնելուց առաջ հարկ է հիշել մի կկարևոր խնդրի մասին. մարդու ազգությունը որոշելու հարցը որոշելը մեծ խնդիր է:
«Ըստ օրենսգրքի՝ յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք իրենց ցուցակներում 8-16 ազգային փոքրամասնության ներկայացուցիչ կարող է ներառել: Խնդիրն այն է, թե ինչպե՞ս են ընտրելու. կուսակցությունն ի՞նքն է հրավիրելու, թե՞ այդ մարդը համայնքի կողմից ինչ-որ կերպ ներկայացվելու է: Որպես իրավական նորմ սա սահմանված չէ», – ընդգծեց Հրանուշ Խառատյանը:
Եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանն էլ շեշտեց, որ թեև իշխանությունները քայլ առաջ են գնացել՝ ազգային փոքրամասնությունների գործոնը կարևորելու հարցում, այդուհանդերձ, չի կարելի ասել, թե սա լավագույն որոշումն է, քանի որ եզդիական համայնքի ներկայացուցիչները Հայաստանում մեծ թիվ են կազմում, ուստի, պետք է որ վերջիններս հնարավորություն ունենան իրենց ներկայացուցչի միջոցով տարբեր ամբիոններից բարձրացնել այն հարցերը, որոնք հուզում են եզդիական համայնքի ներկայացուցիչներին: