Կենդանինե՞րն են վնասել … տարեց կինն անհետացել է
«Տղաներ, հարսներ ու թոռներ ունեցող հարգարժան կին է Վարդիթեր Սիմոնյանը: 70-ն անց կին է: Հարազատները անհանգստացած են շատ: Չգիտենք ինչ մտածենք՝ կենդանիներն են վնասել, թե՞…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 31-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. մարտի 30-ին ժամը 15.00-ի սահմաներում 80-ամյա Վ. Ս.-ն դուրս է եկել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի 7-րդ փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկից դեպի հարակից դաշտ և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 01.03-ից մինչ ժամը 02.50-ը իրականացվել են որոնողական աշխատանքներ, մթության պատճառով դադարեցվել են և անհրաժեշտության դեպքում կվերսկսվեն առավոտյան:
Գյուղապետը տեղեկացրեց, որ որոնողական աշխատանքները շարունակվում են վաղ առավոտից, բայց կինը դեռևս չի գտնվել:
«Ընտանիքի տեղեկացմամբ կինը հոգեկան շեղումներ ունի, միգուցե չի հասկացել, որ ուղղությամբ է գնում»,-եզրափակեց գյուղապետը հույս հայտնելով, որ նա ողջ և առողջ կգտնվի: