Գոյություն ունեցող խնդիրների լուծման իրական կամք և պատրաստակամություն իշխանությունն ունի․ Հ. Նաղդալյան
Կարծես իրականություն են դառնում ընդդիմության կողմից առաջարկվող՝ 4+4+4 ֆորմատով Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները, դրանք իշխանության տարբեր ներկայացուցիչներ ի սկզբանե չէին բացառել, բայց արդյո՞ք պատրաստ են իշխանությունները ընդառաջ գնալ ընդդիմության կողմից ներկայացվող մի շարք առաջարկներին, այդ թվում՝ ցուցակների հրապարակման պահանջին, պարզեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից:
– Տիկին Նաղդալյան, Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդդիմադիր ուժերի եւ ՀԿ–ների ներկայացրած 5 պահանջների հարցում իշխանությունը պատրա՞ստ է արդյոք գնալ զիջման:
-Նախ ինձ զարմացնում է բառապաշարը, որը շրջանառության մեջ է դրվել ընդդիմության կողմից՝ զիջել-չզիջել, ուլտիմատումներ: Ընդհանրապես այս բանավեճը տարօրինակ հնչեղություն կամ տոնայնություն ունի, մարտահրավերի տպավորություն է ստեղծվում: Սա արհեստականորեն ներդրվում է մեր ընդդիմադիր գործընկերների կողմից, քանզի իշխանությունները բազմիցս հնչեցրել են՝ սա մեզ համար կենաց ու մահվան պայքար չէ, մենք մեր երկրում ընտրական գործընթացները բարելավելու, կատարելագործելու և վստահության աստիճանը բարձրացնելու խնդիրն ենք տեսնում և ուզում ենք լուծել՝ գործնական ու հիմնարար քայլերով: Հետաքրքիր միտում է նկատվում, որը ընդդիմությունը դեռևս Սահմանադրական բարեփոխումների գործընթացից սկսած կիրառում է՝ բովանդակային քննարկման փոխարեն ձևի հետևից ընկնելով, ձևով փոխարինելով բովանդակությունը: Այսինքն՝ այսօր ևս ընդդիմությունը կանխամտածված կերպով փաստաթղթի բովանդակային կողմին անդրադառնալու փոխարեն, կենտրոնանում է միայն քննարկման ձևին կամ ձևաչափին առնչվող բանավեճի վրա: Կարծում եմ, բացատրությունը մեկն է՝ և՛ Սահմանադրության , և՛ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ մեր ընդդիմադիր գործընկերները պարզորոշ տեսնում են , որ այն լուծումները, որոնք դրված են փաստաթղթերի բովանդակության մեջ , հստակորեն ցույց են տալիս իշխանության շահագրգռությունը խնդիրների լուծման կամ Ընտրական օրենսգրքի կատարելագործման հարցում: Ընտրական օրենսգրքում առաջարկվող ռեալ քայլերը բացահայտ խոսում են այն մասին, որ հանրության կողմից խնդրահարույց և սուր նեգատիվ ընկալում ունեցող թիրախային հարցերը լուծելու ուղղությամբ հստակ և հետևողական կամք է ցուցաբերվում: Կարծում եմ, այս գործելաոճը ընդդիմության կողմից պարզապես մանևրելու փորձ է: Տեսնելով, որ իշխանությունը իսկապես տրամադրված է բոլոր շահագրգիռ կողմերի հետ բովանդակային աշխատանքի և առաջարկների հնարավորինս լայնամասշտաբ քննարկման և ընդունման, լայն կոնսոլիդացիայի ստեղծման՝ փորձում են հորինել նոր , արհեստական սահմանափակումներ, ձևաչափեր, և մտնել դրանց վերաբերյալ բանավեճի մեջ:
Վստահաբար, ճիշտ և արդարացի է իշխանությունների որդեգրած դիրքորոշումը՝ թե՛ այս 4+4+4-ի , թե՛ այլ 4-երի կամ 24-երի , անգամ մեկի կողմից արված առաջարկները պատրաստակամորեն լսելու, քննարկելու, աշխատելու, գտնելու խնդիրը լուծելու ամենաարդյունավետ ձևը:
-Իսկ ներկայացված կոնկրետ առաջարկությունների մասով ի՞նչ կասեք.
– Կարծում եմ, եթե բովանդակային խնդիրներին անդրադարձներ լինեին, դրանք ցույց կտային, որ մի շարք առաջարկներ արդեն ուշացած են կամ նման են, այսպես ասած, ,,գազն անցած ջերմուկի,,: Ընտրողների ցուցակների մաքրման իմաստով Հայաստանի հանրապետությունում դեռ այն ժամանակվանից, ինչ քաղաքացիների հաշվառումը վարվում է ՀՀ պետական ռեգիստրի կողմից, ըստ էության կատարվել է հսկայական աշխատանք: Այսօր դրան գումարվում է ևս մեկ նորամուծություն, որն աննախադեպ քայլ է իշխանությունների կողմից՝ ընտրողների գրանցման ողջ գործընթացը ավտոմատիզացվում և էլեկտրոնային ճանապարհով է իրականացվում՝ անկախ, արտասահմանյան հեղինակավոր ու առաջատար, տեխնիկական աուդիտ անցած կազմակերպության միջոցով: Սա այնպիսի հեղափոխական քայլ է, որով այլևս ցուցակների մաքրման մասին խոսակցությունը տասերորդական է դառնում, իշխանությունը պարզապես ողջ գործընթացը տալիս է մարդու, իշխանության, և առհասարակ որևէ շահագրգռության գործոն բացառող մի համակարգի: Այս առումով ընդդիմության ներկայացրած՝ ցուցակների մաքրմանն առնչվող առաջարկությունը ուղղակի կորցնում է իր ակտուալությունը և սրա վրա այսքան սևեռումը արհեստածին է:
Ինչ վերաբերում է ցուցակները հրապարակելու առաջարկին՝ դիրքորոշման հիմքում դնելով մարդու իրավունքների խախտման անընդունելիությունը՝ մենք չենք պնդում, որ բացարձակ անհնար է և բացառվում է, որ որևէ մեկը ծանոթանա ցուցակներին, հակառակը՝ մինչ օրս մեր կողմից հետևողականորեն քայլեր են արվել: Ցուցակի մոտ նստած հանձնաժողովի ընդդիմադիր և ,,դիմադիր,, անդամները , ինչպես նաև վստահված անձինք, հնարավորություն են ունենում ծանոթանալու ցուցակներին և հսկողության տակ պահելու դրանք: Օրենսգրքի 34 հոդվածով սահմանված կարգով ցանկության դեպքում վստահված անձինք և հանձնաժողովի անդամները, ինչպես նաև, դիտորդները և լիազորված անձինք, ովքեր ունեն անհանգստություն կամ կասկածներ ցուցակների հետ կապված, կարող են դիմել և ծանոթանալ ստորագրված ցուցակներին կոնկրետ ժամանակահատվածում: Այսինքն՝ այս առաջարկով, ըստ էության, ևս վերանում է արգելքը կամ տեղեկատվության պակասի պահը:
Այս օրինակները և բազմաթիվ այլ առաջարկների նկատմամբ վերաբերմունքը փաստում են, որ գոյություն ունեցող խնդիրների լուծման իրական կամք և պատրաստակամություն իշխանությունն ունի և դա ոչ միայն բառերով է արտահայտվում, այլ կոնկրետ գործողություններով, որոնք արդեն նախագծի մեջ ներառված են, մնացածը պարզապես աղմուկ է՝ արվող գործը ստվերելու և հանրության շրջանում կանխավ բացասական վերաբերմունք ձևավորելու նպատակով: