Պարգևներ՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևանի թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, սերունդների կրթման, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար կինոգետ, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանին, դերասան Արա Սարգսյանին և դերասան, բեմադրիչ, ԵԹԿՊԻ դասախոս Սամսոն Ստեփանյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:
Երևանի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար, ինչպես նաև ծննդյան 50-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով է պարգևատրվել նաև երաժշտական թատրոնի դերասան, պարող, պարուսույց Հրաչյա Բադալյանը:
Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևանի մշակութային կյանքում ունեցած ավանդի և թատերարվեստի ոլորտում ակնառու ձեռքբերումների համար Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արմեն Բարսեղյանը, դերասան-ռեժիսոր Սամվել Սարգսյանը, Հակոբ Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Վարուժան Մանուկյանը և Միմ ստուդիոյի գեղարվեստական ղեկավար, ԵԹԿՊԻ դասախոս Արա Հարութունյանն էլ պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:
Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևանի թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, երեխաների գեղագիտական դաստիարակության, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման և թատրոնի հիմնադրման 80-ամյակի առթիվ «Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ը պարգևատրվել է «ԵՐԵՎԱՆ» զինանշան-հուշամեդալով: