Մի՛ նախանձեք
Վերջին օրերի քաղաքական քննարկումների աժիոտաժը դարձյալ իշխող Հանրապետականի շուրջ է, միայն թե այս անգամ խոսքը ոչ թե ընտրական պրոցեսների մասին է, այլ ոչ ավել, ոչ պակաս՝ քաղաքական դպրոց ստեղծելու:
Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց, թե այս հարցում հաշվի է առնվել Եվրոպական երկրների քաղաքական փորձը:
‹‹Հիմնվելու է կուսակցությանը կից քաղաքական դպրոց: Այդպիսի երևույթ կա բազմաթիվ եվրոպական ժողովրդավարական երկրներում: Մենք հեծանիվ չենք հայտնագործում: Այն աժիոտաժն ու տափակ մեկնաբանություններն էլ որ լսում ենք, տարօրինակ են, ավելին՝ տարակուսելի: Կուսակցությունը պիտի զբաղվի նաև նոր կադրերի պատրատությունով: Ուժեղ է այն կուսակցությունը, որը կողմ է սերնդափոխությանը, – ասաց Շարմազանովը, ում խոսքով՝ քաղաքական դպրոցը նեղ կուսակցական դպրոց չի լինելու:
‹‹Ինչպես նորմալ ժողովրդավարական երկրներում, այնպես էլ այստեղ, դասավանդելու են իրենց գործին տիրապետող, որակյալ մասնագետներ՝ հայտնի փորձագետներ: Չի բացառվում, որ դասախոսություններ կկարդան նաև արտասահմանցի գործընկերները: Դեռեւս 2000-ականներին՝ Անդրանիկ Մարգարյանի ժամանակ, մեր երիտասարդական կառույցը տարբեր ծրագրեր էր իրականացնում՝ ձգտելով նոր կադրեր բերել ասպարեզ, բայց դրանք ավելի շատ՝ սեմինարներ, կոնֆերանսներ էին: Հիմա դա արվելու է ավելի համակարգված››:
Հարցրինք՝ որն է լինելու այս քաղաքական դպրոցի ֆինանսավորման աղբյուրը: Ասաց՝ երբ ժամանակը կա, ամեն ինչի մասին կտեղեկացնեն:
‹‹Մնացած կուսակցություններին էլ կասեմ՝ մի՛ նախանձեք, դուք էլ ստեղծեք քաղաքական դպրոցներ: Դա կուսակցությանը կից դպրոց է, որը զբաղվում է իր կադրերի պատրաստմամբ, դրանում ոչ մի վատ բան չկա››, – եզրափակեց ԱԺ փոխնախագահը: