Փախուստ, հետապնդում, հայտնաբերում եւ ձերբակալություն/վիդեո/
Մարտի 23-ին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ սպայական դասակի ծառայողները Երեւանի Ա. Ավետիսյան փողոցում, ճանապարհային երթեւեկության կանոնները միտումնավոր խախտելու համար, փորձել են կանգնեցնել «ԲՄՎ» մակնիշի 34 UA 988 համարանիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել եւ դիմել է փախուստի, որի ընթացքում Կոմիտասի պողոտայով երթեւեկել է հանդիպակաց գոտիով, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը եւ ստեղծել վթարային իրավիճակ:
Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 2-րդ դասակի ծառայողները ժամը 15-ին Թբիլիսյան խճուղում փորձել են Ազատության պողոտա եւ Հ. Ներսիսյան փողոցի հատման մասում մասնակիորեն արգելափակել երթեւեկելի հատվածը, սակայն «ԲՄՎ»-ի վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարվածել է արգելապատնեշին եւ Ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի հետեւի թափարգելի աջ հատվածին, վնասել ավտոմեքենան ու կրկին դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը երեկոյան «ԲՄՎ»-ի վարորդ, 1993 թ. ծնված Սերժ Վարդանյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանություն:
Սերժ Վարդանյանը ձերբակալված է:
Կատարվում է քննություն: