Բնակարանամուտ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանին և թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարեկ Հախնազարյանին:
Շնորհավորելով արվեստագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նրանց մասնագիտական գործունեությունը՝ առանձնակի կարևորելով նաև մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու առաքելությունը:
«Արդեն մի քանի տարի է` Հանրապետության Նախագահի առաջարկով բարի ավանդույթ ենք դարձրել մեր ճանաչված ու վաստակաշատ արվեստագետներին նոր բնակարաններ նվիրելը: Սա յուրովի գնահատական է մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց տաղանդով և մասնագիտական հմտություններով ամբողջ աշխարհում բարձր են պահում մեր երկրի պատիվը: Ի սրտե շնորհավորելով մաղթում եմ, որ առողջ վայելեք ձեր նոր բնակարանները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ արվեստագետներին մաղթելով նաև ստեղծագործական նորանոր հաջողություններ։
Արտավազդ Փելեշյանն ու Նարեկ Հախնազարյանն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել իրենց վաստակը գնահատելու համար:
Նշենք, որ Արտավազդ Փելեշյանին ու Նարեկ Հախնազարյանին Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանները տրամադրելու որոշումները Երևանի ավագանին կայացրել է մարտի 18-ին գումարած նիստում: