Ձերբակալվել են ԵՄ դրամաշնորհից խոշոր գումար հափշտակելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է երեք անձ` ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու կասկածանքով:
Նախնական քննությամբ պարզվել է, որ Տիգրան Սուքիասյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Գևորգ Ղազարյանը, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով, 2012 և 2013 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպության անունից մշակել են «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» անվամբ կեղծ ծրագիր և դրա շրջանակներում գործողություններ կատարելու պատրվակով ստացել և հափշտակել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհի առանձնապես խոշոր չափերի գումարներ։ Նկարագրված արարքները կատարելու կասկածանքով 2016 թվականի մարտի 22-ին Տիգրան Սուքիասյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը և Գևորգ Ղազարյանը ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բազմածավալ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: