«Կուտը» տան, ընտրվեն ու պաշտոն ստանան …
Մի ուրույն, յուրահատուկ, առանձնահատուկ քաղաքական դաշտ ունենք՝ հայկական, արևելյան-եվրոպական խառնուրդով, ազգային առանձնահատկություններով, անհասկանալի «համեմունքներով» համեմված… Աջափսանդալային, շատ կանխատեսելի, պարզունակ, մակերեսային, հաշվարկված ու ինչ-որ տեղ տնավարի …
Լիքը կուսակցություններ, անհամար հասարակական տարաբնույթ՝ ընդհուպ կուսա-տարասեռախառն քաղաքականացված կազմակերպություններ, նորանոր քաղաքացիական արագ բռնկվող նաև արագ հանգչող շարժումներ: Մեծամասամբ առանց քաղաքական հենքի, այստեղից-այնտեղից արտագրված ծրագրերով, առանց գաղափարախոսության, առանց լուրջ, զարգացած, ինտելեկտուալ քաղաքական գործիչների, առանց իսկական նվիրյալ անդամների ու հետևորդների:
Ովքեր էլ մի փոքր առանձնանում են, ապա գրեթե անխտիր բոլորը կրթվել են խորհրդային «հետամնաց» կրթական համակարգում: Ներկա սերունդը հիմնականում ճիշտ է համառ են, սկզբունքային, անհաշտ, բայց կաղում են իրենց ինտելեկտով և ընդհանուր պատրաստվածությամբ:
Ինչևէ, քաղաքական կյանքն էլ է մեզ նման՝ ճոխ-ճոխ, լիքը-լիքը, ցուցադրական, բազմատեսակ, զռռացող… Մեր հարսանիքների, մեր թաղումների, մեր բիզնեսների, մեր թաղային-քուչայական, ախպերական հարաբերությունների, մեր կապկած, թխած, էկլեկտիկ ֆիլմերի նման:
Հիմա էլ նոր դրսևորում, նոր առանձնահատկություն է ցայտուն նկատվում, թե ով է ամենաընդդիմադիրը և ժողովրդի համար իրեն պատեպատ տվողն ու պուպուշը: Ընդդիմադիր հորջորջյալ քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները սկսել են իրար ավելի ատել, իրար ավելի շատ վարկաբեկել, քան իշխանություններին… Ու գնալով առաջիկայում ավելի կսրվի այդ պայքարը, կդառնա ավելի անզիջում ու դաժան:
Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ դիվանբաշի …Կհիշեն անհիշելին, կհիշեցնեն, կհոշոտեն, կփորփրեն, կբզկտեն իրար … Չէ՛, չեն համախմբվի, չեն համագործակցի, որովհետև ամբիցիաները, պաշտոնամոլությունը, փառքը, իշխանության ձգտումը բոլորի մոտ առաջնայինն է, կարևորը, հիմնականը… Ժողովրդի, քաղաքացու մասին էլ մտածում են ձեռի հետ՝ այնքանով, որքանով …
«Կուտը» տան, ընտրվեն ու պաշտոն ստանան … Բոլորն էլ ձգտում են իրենք լինեն առաջինը, գլխավորը, կարևորը, պայմաններ թելադրողը, պարտադրողը… Ի՞նչ ընդհանուր նպատակ՝ ժողովրդի, պետության, ազգի, երկրի շահեր, խնդիրներ … Թքած ունեն, դրանք իրենց համար հիմնական նպատակին՝ իշխանության հասնելու սոսկ միջոց են, շիրմա՝ ընդամենը, դրա համար էլ երբեք չեն համախմբվի …Դա հային և հատկապես հայկական արտադրության քաղաքական դաշտին հարիր չէ … Գրում է Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը :