14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մաշա և Միշա արջերն այսօր մեկնում են Ռումինիա

Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգում անթույլատրելի պայմաններում պահվող երկու արջերը` Մաշան եւ Միշան, այսօր անվերադարձ կտեղափոխվեն Ռումինիայում գտնվող «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարան:

«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Վայրի բնության և մշակութային արժեքներիպահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը հայտնեց, որ հունվարի 22-ին Գյումրիից Երեւան տեղափոխված արջեըը  կարանտինի փուլը բարեհաջող հաղթահարել են:

«Արջերն արդեն բավականին լավ վիճակում են, փոփոխությունն ակնհայտ է: Նրանք կտեղափոխվեն Ռումինիայի հատուկ ապաստարան, որը նախատեսված է այն կենդանիների համար, որոնք դժվարին պայմաններում են ապրել, հոգեբանական ու առողջական խնդիրներ ունեն եւ մի քանի հա տարածք զբաղեցնող վերականգնողական կենտրոնում նրանք կարող են մինչեւ կյանքի ավարտը բարեկեցիկ կյանքով ապրել»,-ներկայացրեց Ռուբեն Խաչատրյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր հասարակական եւ բնապահպանական կազմակերպություններին, առանց որոնց ակտիվ մասնակցության`անմխիթար պայմաններում պահվող այս կենդանիների հարցը նման հնչեղություն չէր ստանա եւ այսպիսի լուծում չէր ունենա:

Ասուլիսին ներկա ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված հատուկ հանձնախումբը, որը զբաղվում է անազատ եւ կիսաազատ պայմաններում կենդանիների պահման վերաբերյալ օրենսդրական նոր փաթեթի մշակմամբ` երկու օրից այն կներկայացնի Ազգային ժողով:

«Ուրբաթ օրը Աժ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական  հանձնաժողովում տեղի են ունենալու առաջարկվող նոր օրենսդրական փաթեթի լսումները: Մանրամասն կներկայացվեն այն խստացված ռեժիմները, բարդացված ընթացակարգերը, որոնք ապահովելու դեպքում միայն հնարավոր կլինի պահել վայրի կենդանիներ: Մեր քաղաքականությունը գնում է նրան, որ կիսաազատ կամ անազատ պայմաններում նման կենդանիներ հնարավոր կլինի պահել միայն միջագային չափանիշների ապահովման դեպքում: Բացի այդ, մենք ուզում ենք ներմուծել նոր գաղափար, որ կենդանիներին պահելու լիցենզիաներ ստացած անձինք  վճարեն տեղական տուրք, որից ստացվող միջոցները կուղղվեն նմանատիպ խնդիրների լուծմանը»,-ներկայացրեց փոխնախարարը`ընդգծելով, որ փաստաթղթի վրա աշխատել են նաև ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնց ներկայացրած առաջարկները տեղ են գտել օրենսդրական փաթեթում:

Բնապահպանության նախարարի տեղակալը թեեւ դժվարացավ նշել մասնավոր կենդանաբանական այգիների եւ անազատության մեջ պահվող կենդանիների հստակ թիվը, սակայն ընդգծեց, որ այսօր կան անմխիթար պայմաններում պահվող բազմաթիվ այլ վայրի կենադնիներ եւ  անհրաժեշտ է մտածել նաեւ նրանց պահման պայմանների բարելավման մասին:

«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ միասին աշխատանքներ ենք տանում, որպեսզի միջագային չափանիշներին համապատասխան կենդանիների վերականգնողական կենտրոն ունենանք Հայաստանում: Հիմնադրամը նախատեսում է դա կազմակերպել Կովկասյան ապաստարանի տարածքում` Ուրցաձորում»,- նշեց նա:

Փոխնախարարի մոտավոր հաշվարկներով`այսօր Հայաստանում կան 6-7 մասնավոր կենդանաբանական այգիներ եւ մոտ 50-60 կետեր, որտեղ անազատության մեջ պահվում են վայրի կենդանիներ:  Խաչիկ Հակոբյանը  խոստացավ առաջիկայում ավելի հստակ վիճակագրություն ներկայացնել:

Ասուլիսին ներկա Բրիժիտ Բարդո հիմնադրամի Կենդանիների պաշտպանության գրասենյակի տնօրեն Մարի Քրիստոֆը եւ համակարգողի տեղակալ Ժերոմ Էլոդին, ովքեր դեռևս անցած տարվա նոյեմբերից ստանձնել էին արջերի սննդի, խնամքի և տեղափոխման ծախսերը եւ այցելել Հայաստան`ուղեկցելու արջերին իրենց նոր մշտական կացության վայր, նշեցին, որ սա տարածաշրջանում նման առաջին փորձն է: Նրանց խոսքով`նման «տխուր այգիներ» կան նաեւ Եվրոպական երկրներում, անգամ Ֆրանսիայում, եւ այդ առումով չափազանց կարեւոր է, որպեսզի առկա լինի տեղական իշխանությունների աջակցությունը:

«Միայն այս արջերին տեղափոխելով` խնդիրը չի վերանում, անհրաժեշտ է համապատասխան օրենսդրություն, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն»,- ընդգծեցին նրանք:

Աշխարհահռչակ դերասանուհի Բրիժիտ Բարդոն նույնպես արձագանել է Մաշա և Միշա արջերի տեղափոխմանը՝ մասնավորապես նշելով. «Մի քանի ժամում Մաշա և Միշա արջերը, որոնց կեցության պայմանները ցնցել էր ամբողջ աշխարհը, շուտով կլքեն իրենց վանդակները տեղափոխվելով ավելի բնական միջավայր: Սա հնարավորություն է և հույս անարդարացիորեն բանտարկված բոլոր վայրի կենդանիների համար, որոնք զրկված են ազատությունից: Վայրի բնության և մշակութային արժեքներիպահպանման հիմնադրամը և իմ հիմնադրամը աշխատում են միասին Բնապահպանության նախարարության աջակցությամբ հասնելու այս մեծագույն արդյունքին: Այս մասնավոր դեպքից հետո ես ուրախ կլինեմ լսել, որ այս նախարարությունը ուրբաթ օրը ներկայացնի ազգային օրեսնդրությունն ամրապնդող հայեցակարգ և այսպիսով երբեք էլ չի լինի «ամոթի կենդանաբանական այգի», ինչպես որ այս մեկը բացահայտվեց Գյումրիում: Հայաստանը այժմ վառ օրինակ է և ունի պրոգրեսիվ երկրի պատկեր, որ հարգալից է կենդանիների հանդեպ…Բռավո, շնորհակալություն»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ