14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էդուարդ Շարմազանովն ընդունել է Քուվեյթի Պետության պատվիրակությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 22-ին ընդունել է Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի եւ իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը եւ Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին:

Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների ավանդական ջերմ հարաբերությունները եւ նշել, որ թեեւ առկա են ամուր գործընկերային հարաբերություններ, այնուամենայնիվ կան ոլորտներ, որոնք զարգացնելու ներուժ եւ հնարավորություններ կան: ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Քուվեյթի Պետությանը՝ Եղեռնից մազապուրծ հայ գաղթականներին երկրորդ հայրենիք պարգեւելու մարդասիրական քայլի համար: Նա վստահություն է հայտնել, որ նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաայի այցը Հայաստանի խորհրդարան նոր խթան կհանդիսանա՝ զարգացնելու արդեն ձեւավորված կապերը եւ իրականացնելու նոր եւ փոխշահավետ ծրագրեր: Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցությունն ու փոխայցերի ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է աշխարհում մեծ տարածում գտած եւ ահագնացող ահաբեկչությանն ու ծայրահեղականության դրսեւորումներին, ԼՂ հակամարտության կարգավորման հարցին: Նա ընդգծել է, որ ահաբեկչությունը չունի ոչ ազգություն, ոչ կրոն: Նա դատապարտել է ժամեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը պատճառ է դարձել անմեղ մարդկային զոհերի եւ վիրավորների: Էդուարդ Շարմազանովն անհրաժեշտ է համարել համատեղել ջանքերը՝ պայքարելու համար այս մարդատյաց երեւույթների դեմ:

ԼՂ հակամարտության կար•ավորման վերաբերյալ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի՝ խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված ազգերի ինքնորոշման իրավունքի վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը հյուրերին տեղեկացրել է, որ Թուրքիան արդեն 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչն անթույլատրելի է 21-րդ դարում: Նա ընդգծել է, որ Հայաստանը կողմնակից է հարեւանների հետ խաղաղ գոյակցության եւ առանց նախապայմանների հարաբերությունների, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին: Նա շեշտել է, որ թե Հայաստանը, թե Քուվեյթն իրենց տարածաշրջաններում ձգտում են խաղաղ գոյակցության եւ հարեւանության:

Էդուարդ Շարմազանովը նաեւ շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետությանը՝ Հայաստանին տրամադրած մարդասիրական օժանդակության համար:

Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի եւ իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նույնպես կարեւորել հարաբերությունների սերտացման եւ խորհրդարանական համագործակցության ակտիվացումն ու փոխայցերը: Նշելով Քուվեյթի Պետության հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը, նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային նույնպես նշել է, որ թե Հայաստանը, թե Քուվեյթն իրենց տարածաշրջաններում իրականացնում են խաղաղարար քաղաքականություն: Նա անհրաժեշտ է համարել համատեղել ջանքերը՝ պայքարելու համար ծայրահեղականության դրսեւորումների եւ ահաբեկչության դեմ:

Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի եւ իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հրավիրել է այցելել Քուվեյթի Պետություն, ինչը սիրով ընդունվել է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ