Հայհոյանք էլ է լինում. ԱԺ նախագահը` կարոտած /վիդեո/
Գերմանիայում բուժման կուրս անցնելուց հետո Հայաստան վերադարձած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում էր:
Նա տեղեկացրեց, որ իրեն լավ է զգում և վերադարձել է աշխատանքի: Լրագրողները խորհրդարանի ղեկավարին մի քանի հարց ուղղեցին: Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի միջև օրերս տեղի ունեցած բանավեճին անդրադառնալով` Գալուստ Սահակյանն ասաց.
«Ես այդքան էլ տեղյակ չեմ՝ ով է մեղավոր, ինչից է սկսվել: Բացի դրանից էլ, մենք պիտի միշտ պատրաստ լինենք, աշխարհի բոլոր պառլամենտներն են այդպիսին: Մերն, ըստ երևույթին, մի քիչ ավելի լավն է այդ տեսակետից: Այնպես որ, նիստի ժամանակ, իհարկե, հայհոյանք էլ է լինում, իհարկե, մարդն էլ փորձում է ինչ-որ բան անել, պառլամենտական օրենքներ են»:
Լրագրողները նշեցին, որ ՀՀԿ-ական պատգամավորները միշտ էլ աչքի են ընկնում իրենց ոչ ադեկվատ պահվածքով:
ԱԺ նախագահն արձագանքեց. «Հատկապես ձեզ էլ այդպես պիտի թվա, որովհետև իրենք` ՀՀԿ-ականներն արդեն իշխանության մեջ են: Նրանք, ովքեր իշխանության մեջ չեն, նրանք ինչ էլ ասեն, բոլորի համար հաճելի է, որովհետև իշխանության մեջ չեն»:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին, մասնավորապես այն հարցին, թե ինչո՞ւ իշխանությունները չեն ուզում հրապարակել ստորագրված ընտրացուցակները, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես այդ դրույթի մեջ այդպես ճշմարիտ մեծ բաներ չեմ տեսնում: Բայց դե, թող առաջարկեն, կփորձենք երևի թե ինչ-որ ձևով պատասխանել նաև այդ հարցերին»:
ԱԺ նախագահը լրագրողների հետ հարց-պատասխանից հետո նշեց, որ կարոտել է լրագրողներին, պատգամավորներին և, իհարկե, իր աշխատանքը: