Ընտրությունների արդյունքներն անհերքելի են. Շարմազանովն ընդհատեց Զարուհուն
Քիչ առաջ ԱԺ ամբիոնից “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց քաղաքական մեծամասնությանը, թե ինչու այն ութ հարյուր հազար քաղաքացիները, որոնք ըստ ընտրությունների պաշտոնական արդյուքների` ձայն են տվել գործող նախագահին, չներկայացան հրապարակ:
‘’Մենք գնում շրջում ենք քաղաքներով, բոլոր քաղաքներում սպասում են իրենց ընտրած նախագահին` Րաֆֆի Հովհաննիսյանին’’,-հայտարարեց նա: ’’Իսկ այդ ուր է ձեր քվեարկած քաղաքացին: Ձեր քվեարկած քաղաքացին ըստ էության չկա, որովհետեւ դուք այդ թիվը խփել եք:
Սերժ Սարգսյանն այսօր գտնվում է մեկուսացման վայրում` Բաղրամյան քսանվեցում: Նա հնարավորություն չունի այսօր դուրս գալու եւ շփվելու …’’,-իր խոսքը չհասցրեց ավարտել Զարուհի Փոստանջյանը: Նրան ընդհատեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
‘’Ես խնդրեցի բոլոր գործընկերներին ըստ կանոնակարգի խոսել: Ձեր ելույթը, հարգարժան գործընկեր, կապ չունի կանոնակարգի հետ’’,-նշեց Շարմազանովը.
’’Այստեղ որ ասում են քննարկել, թող որեւէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, որ պատրաստվում ենք արդյուքները քննարկել: Ընտրությունների արդյունքները անհերքելի են:
Ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, որի գնահատականը տվել են բացառապես բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցները, գործող նախագահ Սերժ Սարգսյանը բացարձակ ձայների քանակով վերընտրվել է ՀՀ նախագահ’’:
Շարամզանովն ասաց, որ նշված ութ հարյուր հազար մարդիկ հանգիստ աշխատում են, որպեսզի հասնենք ապահով Հայաստանի: Այնուհետ ձայնը փոխանցվեց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին: Վերջինս հայտարարեց, որ եթե ճգնաժամ կա , ապա դա ոչ թե երկրում է, այլ ‘’մի խումբ մարդկանց սահմանափակ ուղեղներում ’’:
Նա ասաց, որ խորհրդարանը կարեւոր գործի վրա է` օրակարգ է հաստատում եւ պետք չէ շեղել նրան:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմաբկցության անդամ Խոսրով Հարությունյանը փաստեր պահանջեց, այլապես, նկատեց նա, քաղաքական այս հայտարարությունները նման են քաղաքական շառլատանության:
Նա ասաց, որ առաջին քայլը ընդդիմության կողմից պետք է լիներ ընտրությունների արդյունքները ճանաչելը եւ ձեռնամուխ լինել երկրում իրականացվող բարեփոխումներին: