«Դե ասեք՝ վերջ էլի»
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է քննարկումը` Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բազմաթիվ հարցեր ուղղեց հիմնական զեկուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Հարցերն այնքան շատ էին, որ Մարգարիտ Եսայանը բողոքեց` ասելով, թե այդպես խախտվում են իրենց իրավունքները:
«Ինչո՞ւ եք դեմ ընտրացուցակների հրապարակմանը: Սկզբունքային հարց է ԶԼՄ-ների սահմանափակման հարցը, ես կարծում եմ, որ այդ սահմանափակումը պետք է հանվի, թողնվի նախկինը: Մինչեւ 2008թ. քանի՞ անձնագիր է տրվել: Չե՞ք կարծում, որ կուսակցությունները պետք է ունենան երկու վստահված անձ: Ո՞ր դեպքում է քվեաթերթիկը համարվում անվավեր: Ինչո՞ւ եք որոշել չծալել քվեաթերթիկը: Հեռավոր գյուղերից մեկում մարդը կարող է մի ուրիշ ձև ծալել քվեաթերթիկը, հետո՞…», – սրանք էին Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած հարցերը:
Դավիթ Հարությունյանը, պատասխանելով Զոհրաբյանին, ասաց, որ ԶԼՄ-ների հետ կապված հարցը աքսիոմատիկ լուծում չունի, ուստի ողջամպտ առաջարկներն, անշուշտ կընդունվեն:
Անձնագրային բազայի հետ կապված հարցին ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց` ասելով, որ 1998թ. սկսած 854 հազար անձի վերաբերյալ չկա բազա:
«Դե ասեք՝ վերջ էլի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
«Սա չի նշանակում վերջ. վստահված անձինք կարող են մոտենալ ու ստուգել ամեն բան: Հիմա ի՞նչ անենք՝ սա է մեր երկրի իրավիճակը»,- ասաց Դավիթ Հարությունյանը: