Առանց տնօրենի գիտության աշխատակիցները վաճառել են ՍՊԸ-ի գույքը.ՀՔԾ
2012 թվականի հուլիսի 31-ին «Մավա իմպուլս» ՍՊ ընկերության փոխտնօրեն Ս. Ն.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ առանց ընկերության տնօրենի եւ սեփականատիրոջ գիտության եւ համաձայնության, ընկերության աշխատակիցները 2009 թվականի փետրվար-մարտին 50 մլն ՀՀ դրամից ավելի ընդհանուր արժեք ունեցող տարբեր ապրանքներ են վաճառել, որից ստացված եւ ընկերության դրամարկղ մուտք եղած գումարները տնօրինել են ապօրինի եղանակով:
ՀՔԾ-ից տեղեկանում ենք ե, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշյալ ընկերության կողմից ներկայացված բողոքի հիմքով վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, հարուցվել է քրեական գործ եւ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում կատարվել նախաքննություն:
Շուրջ 4 տարի տեւած քննության ընթացքում քրեական գործով վարույթը քննիչի կողմից բազմիցս կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, սակայն քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումները վերացվել են դատախազի կողմից:
Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է: