Համալսարանականները քառօրյա այցով կլինեն Արցախում
Մարտի 17-20-ը Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ և ուսանողներ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ կմեկնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Միջոցառումը նպատակ ունի նպաստելու բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, ուսանող-զինվոր երկխոսության ձևավորմանն ու մարտական ոգու բարձրացմանը, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ուսանողների մարտական պատրաստվածության վիճակի բարելավմանը և ռազմաքաղաքական գիտելիքների զարգացմանը:
Մարտի 17-18-ը ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի անդամները զինպատրաստության գործնական պարապմունքներ կանցնեն ԼՂՀ ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող զորամասներից մեկում:
Մարտի 19-ին Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի միջնակարգ դպրոցում կանցկացվի մշակութային միջոցառում՝ նվիրված լրագրող-ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից, ԵՊՀ շրջանավարտ Նորայր Մարությանի 50-ամյակին, ինչպես նաև դպրոցի դասարաններից մեկը կանվանակոչվի նրա անունով: Համալսարանականները դպրոցին կնվիրաբերեն գրքեր ու համակարգիչներ: Նախատեսվում է նաև Ներքին Հոռաթաղ գյուղում Նորայր Մարությանի անվան պուրակ հիմնել:
Նույն օրը ԵՊՀ դասախոսները ԼՂՀ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում հանդես կգան ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված դասախոսություններով:
Հաջորդ օրը՝ մարտի 20-ին, Բերձորում կանցկացվի ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված պուրակի հիմնարկեքի արարողությունը:
Միջոցառումն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: