Մահացել է դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլեն Չարչօղլյանը
Կյանքի 82-րդ տարում իր մահկանացուն է կնքել դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գորժիչ Վիլեն Վարդգեսի Չարչօղլյանը:
Վ. Չարչօղլյանը, 1958 թվականին ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, աշխատանքի է անցել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր: 1982 թվականից մինչ օրս Վ. Չարչօղլյանը նույն թատրոնում աշխատել է որպես դիրիժոր: Մեծանուն դիրիժորը տարիներ շարունակ բարձր մակարդակով ղեկավարել է թատրոնի խաղացանկային ներկայացումները, մասնակցել ռադիոյի և հեռուստատեսության համար կատարված ձայնագրություններին: Վ. Չարչօղլյանի գլխավորությամբ` սիմֆոնիկ նվագախմբի մենակատարների խումբը մեծ հաջողությամբ հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Սիրիայում, Լիբանանում և այլ երկրներում: Վ. Չարչօղլյանը երկար տարիներ աշխատել է նաև Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես գլխավոր դիրիժոր: Անվանի դիրիժորը տասնամյակներ շարունակ իր մասնագիտական հմտություններն է փոխանցել նաև երիտասարդ երաժիշտներին՝ նպաստելով հայկական, ինչպես նաև համաշխարհային դասական երաժշտարվեստի զարգացմանն ու հանրահռչակմանը: