Ողբերգական վրաերթ Երևանում

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով, 2016թ. մարտի 16-ին` ժամը 07.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Իսակով պողոտայի և Վերֆել փ ողոցի խաչմերուկում վարորդ Հ. Դանիելյանն իր վարած «ԲՄՎ-745» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Գոհար Գրիգորյանին։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ 2016թ. մարտի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգվել է վրաերթ կատարած վարորդի սթափությունը և համաձայն սթափության վիճակի զննության արձանագրության` վարորդը եղել է սթափ: Պարզվում են վրաերթի հանգամանքները: