25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մոսկվայի պայմանագրի 95-ամյակի զուգադիպությունը ու հայկական խաղաքարտը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության եւ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության միջեւ Մոսկվայի հայտնի պայմանագրի ստորագրումից ուղիղ 95 տարի է անցել: Այս պայմանագիրը տխուր հետեւանքներ է ունեցել մեր՝ հայերիս համար, սակայն վերջին շրջանում ոմանց մոտ  ոգեւերություն էր առաջացել, թե պայմանագիրը կարող է չեղարկվել: Սակայն, համադրելով վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները եւ հայտարարությունները, կարող ենք փաստել, որ այդ ոգեւորությունն իզուր էր եւ որ Ռուսաստանը պայմանագրի հենց «տարեդարձի» նախաշեմին որոշեց փակել չեղարկման թեման:

Բացի պայմանագրից

Անցած տարվա նոյեմբերից, երբ թուրքական օդուժի կողմից Սիրիայի հետ սահմանին խոցվել էր ռուսական ռմբակոծիչը, Անկարայի եւ Մոսկվայի միջեւ հարաբերություններն աննախադեպ սրացում էին ստացել եւ այդ համատեքստում վեր էին հանվել որոշ «հայկական խաղաքարտեր», որոնք Ռուսաստանը պատրաստվում էր օգտագործել Թուրքիայի վրա որոշակի ճնշում գործադրելու համար: Մասնավորապես՝ «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը եւ պատգամավոր Նիկոլայ Լեւիչյովը Պետական դումայի էին ներկայացրել Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրինագիծ, իսկ ՌԴ կոմկուսի քարտուղար Սերգեյ Օբուխովը եւ կուսակցության փոխնախագահ Վալերի Ռաշկինը դիմել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով չեղյալ հայտարարել 1921 թվականի մարտի 16-ին ստորագրված ռուս-թուրքական բարեկամության Մոսկվայի պայմանագիրը: Հենց այս երկու «հայկական խաղաքարտերն» էին, որ պետք է մի կողմից՝ ճնշում գործադրեին Անկարայի վրա, մյուս կողմից՝ աջակցություն բերեին Կրեմլին հայ հասարակության կողմից: Սակայն ռուսական այս մարտավորությունը չհասցրեց զարգանալ…

Չանցավ

2016 թվականի մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունը եւ գերագույն դատարանը բացասական եզրակացություն են տվել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրինագծին:

Մերժման համար հիմք էր հանդիսացել այն, որ Ռուսաստանում իբր արդեն գոյություն ունեն նորմեր, որոնք քրեական պատասխանատվություն են ենթադրում հավատացյալների զգացումնքերի դեմ գործված կամ ազգային պատկանելիության պատճառով կատարված հանցագործությունների համար: Բացի սա` ՌԴ կառավարությունից հայտնել են, որ օրինագծի ընդունման համար չկան անհրաժեշտ վիճակագրական տվյալներ, որոնք ցույց կտան, որ Հայոց ցեղասպանության ժխտումը Ռուսաստանում զանգվածային բնույթ է կրում:

Հնարավոր չէ

ՌԴ արտգործնախարարությունը, ուսումնասիրելով կոմունիստ քաղաքական գործիչների՝ 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու վերաբերյալ առաջարկը, երեկ, 2016թ. մարտի 15-ին եզրակացրել է, որ Բարեկամության եւ եղբայրության մասին ռուս-թուրքական պայմանագիրը ենթակա չէ չեղյալ հայտարարվելու: Մասնավորապես՝ ռուսական արտաքին գերատեսչությունից պարզաբանում են, որ չի կարելի չեղարկել մի պայմանագիր, որով հաստատվում են Թուրքիայի՝ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ պետական սահմաններրը եւ այդ պետությունների առանձին տարածքների (Նախիջեւանի) կարգավիճակը, քանի որ դա հակասում է միջազգային փորձի սկզբունքներին: Միեւնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ից մտավախություն են հայտնում, որ Մոսկվայի պայմանագրի չեղարկումը կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում՝ ռուսական սահմանների անմիջական հարեւանությամբ:

Նահանջը

Այս ամենից զատ՝ մարտի 14-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որն իրար խառնեց ոչ միայն «հայկական», այլ ընդհանրապես՝ բոլոր խաղաքարտերը: Մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց Սիրիայից Ռուսաստանի հիմնական զինված ուժերը դուրս բերելու մասին, ինչը նշանակում է, որ Մոսկվան, մեծ հաշվով, դադարեցնում է իր ռազմական գործողությունները Սիրիայում: Սրա հետ մեկտեղ, փաստացի, վերանում է ռուս-թուրքական հարաբերությունների ամենասուր եզրը՝ կապված Սիրիայում տարբեր բեեւեռներին ցուցադրվող աջակցության հարցի հետ: «Հայկական խաղաքարտերի» հետագա շահարկումը, ըստ այդմ, այլեւս նպատակահարմար չէր կարող լինել Մոսկվայի համար, ինչը եւ բացատրում է դրանց՝ օրակարգից հանվելը:

Հերթական դասը

Ռուս-թուրքական առճակատման հենց ամենասկզբից մենք ահազանգում էինք, որ պետք չէ մեծ հույսեր կապել այս հակամարտության միջոցով «Արարատ լեռը հետ բերելու հետ»: Ռուս-թուրքական հարաբերությունների հերթական սրման այս պատմությունն ընդամենը մեկ անգամ եւս ցուցադրեց, թե ինչպիսին է մեծ տերությունների, ի դեմս Ռուսաստանի, վերաբերմունքը հայերիս համար կարեւոր հարցերին, թե ինչպես կարող է շահարկվել Հայոց ցեղասպանության թեման եւ թե ինչ նպատակներ է իրականում հետապնդում: Այս վերջին ամիսները պատմությունը լավագույնս ի ցույց դրեց այն, որ մեր այսպես կոչված ռազմավարական գործընկերը երբեք չի խորշի ոտնահարել մեր շահերը, եթե դա է պահանջում իր արտաքին քաղաքականությունը:

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ