26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Զգուշացեք աղիքային վարակներից

Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղակոնտակտային ճանապարհով: Միևնույն ժամանակ, աղիքային վարակներին բնորոշ է սեզոնայնությունը: Հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում՝ հիմնականում գարնան և ամռան ամիսներին, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար:

Գարնանը, երբ ձնհալի և անձրևների հետևանքով գետերը վարարում են և, դուրս գալով հունից, հեղեղում են շրջակա միջավայրը (որտեղ մշտապես առկա են աղիքային վարակների բազմաթիվ հարուցիչներ), մեծանում է ջրամատակարարման համակարգերում խմելու ջրի մանրէաբանական աղտոտման ենթարկվելու վտանգը: Բնակչությունը երբեմն աղտոտված ջուրն օգտագործում է ինչպես խմելու, այնպես էլ կենցաղային այլ նպատակներով (մրգեր, բանջարեղեն, սպասք լվանալու, լվացվելու համար) և վարակվում է տարբեր աղիքային վարակիչ հիվանդություններով:

Աղիքային վարակների հարուցիչները լավ պահպանվում են սննդամթերքի մեջ, որը բարենպաստ պայմաններում մանրէների համար նաև սննդային միջավայր է, որտեղ դրանք աճում և բազմանում են:

Ամռանը լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառ:

2015 թվականին արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների 16 բռնկում` ինչպես սննդային, այնպես էլ ջրային գործոնով պայմանավորված, ինչին նպաստեց անցած տարվա աննախադեպ երկարատև շոգ եղանակը: Բռնկումներն արձանագրվել են մանկական նախադպրոցական կազմակերպություններում, ամառային հանգստի մանկապատանեկան ճամբարներում, հանրային սննդի կազմակերպություններում:

Սկսվում է գարնան – ամռան ժամանակահատվածը և հնարավոր է աղիքային վարակների սեզոնային աշխուժացում: Այդ մասին են վկայում վերջերս Դիլիջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների թեթև ընթացքով դեպքերը: Այսօր հոսպիտալացված է 3 հիվանդ, որոնք ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Սղիքային վարակներից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը հորդորում է սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործել միայն հոսող մաքուր ջրով լվանալուց հետո և պահպանել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում: Չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ըմպելիքներ, հյութերձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն: Խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը՝ ձեռքերը լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուցև ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո: Եթե բնակության վայրում գրանցվել են խմելու ջրի մատակարարման անջատումներ, ապա ջուրն օգտագործել միայն 10-15 րոպե հոսելուց հետո և խուսափել պատահական վայրերից բերված ջրի օգտագործումից անգամ կենցաղում օգտագործելու համար: Խմելու ջրի որակի փոփոխությունների (համ, հոտ, պղտորություն) դեպքում անմիջապես ահազանգել և՛ ՀՀ առողջապահության նախարարություն, և՛ տարածքը սպասարկող ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություններին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ