… վերջին անգամ, աղաչում եմ, օգնեցեք ինձ. Չարենցի նամակը
Թանկագին Մարիետա Սերգեևնա.
Դժբախտություն ունեցա գրելու բանաստեղծությունների և պոեմների նոր գիրք՝ 300 էջ, «Գիրք ճանապարհի» ընդհանուր վերնագրով,- մեր ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի մասին:…Եվ ահա հենց այս գիրքը մարդիկ իրենց նաիրյան կուրությամբ և ատելությամբ հայտարարեցին նացիոնալիստական, դաշնակցական և … ընկ. Խանջյանի՝ բացակայության ժամանակ, երբ գիրքը, վաղուց արդեն տպագրված, արդեն պիտի լույս տեսներ, բռնեցին և Կենտկոմի քարտուղարության անունից արգելեցին որպես հակահեղափոխական, իսկ ինձ էլ, առանց պատճառների որևէ բացատրության, դուրս վռնդեցին պետհրատից:
Մեր ամբողջ մտավորականությունը այդ օրերին ցնորվածի նման էր,վախեցած իր գլխի համար,բացահայտորեն վայրի, անիմաստ տեռորի հոտ էր գալիս, որի նմանը չեք գտնի Խորհրդային Միության ոչ մի վայրում…պատկերացնում եք արդյո՞ք, թե ինչ պիտի վերապրեի ես այդ օրերին՝ չէ որ ես այդ օրերին կարող էի սպանել թե՛ ինձ, թե՛ իմ ընտանիքը, խելագարվել. զարմանում եմ, որ դա չպատահեց ինձ հետ:
… Օգնեցեք Ձեր կրտսեր գրչեղբորը… Այս փոքր նաիրյան աշխարհում ես շատ թշնամիներ ունեմ: Առանց Ձեր ազնիվ պաշտպանության նրանք ինձ կուտեն: Դուք ավելի լավ եք պատկերացնում մեր երկրի ամբողջ հետամնացությունը: Չ՞է որ Ձեզ նույնպես ուզում էին կործանել, բայց նաիրյան աղիքը շատ նեղ գտնվեց այնպիսի մեծ մարդու համար, ինչպիսին Մ. Շահինյանն է: Բայց ինձ կարող են կործանել շատ հեշտ: Դուք դա ինձնից լավ եք հասկանում: Այդ իսկ պատճառով շատ եմ խնդրում, հանուն այն լավ վերաբերմունքի, որ Դուք առ այսօր ցուցաբերում եք մեր մշակույթի ու գրականության մեջ ամեն մի արժեքավորի հանդեպ, օգնեցեք ինձ: Եվ կրկին վերջին անգամ, աղաչում եմ, օգնեցեք ինձ:
1933թ.Երևան
Աղբյուրը` qayl.am