Էլինար Վարդանյանը հրավեր չի ստացել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը դեռեւս Վարդան Օսկանյանից հրավեր չի ստացել՝ անդամակցելու վերջինիս նորաստեղծ կուսակցությանը:
«Այս պահին, ես պարոն Օսկանյանից հրավեր չունեմ, հրավեր լինելու դեպքում կքննարկեմ հարցը: Որևէ բան չեմ բացառում»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Էլինար Վարդանյանը:
Պատգամավորը նշել է, որ ողջունում է Վարդան Օսկանյանի կուսակցություն հիմնելու որոշումը, որովհետև կարծում է, որ նախկին արտգործնախարարը լրջագույն դերակատարություն է ունեցել հայ քաղաքականության մեջ:
Դիտարկմանը, թե Օսկանյանի անունը կապվում է «Մարտի 1»-ի հետ, Էլինար Վարդանյանն ասաց, թե այս հարցը շահարկելը ճիշտ չէ:
Հարցին, որ եթե Օսկանյանի կուսակցությունը կկարողանա դառնալ հակակշիռ իշխանություններին, նկատի ունենալով, որ իշխանություններին հաջողվում է չեզոքացնել իրեն անցանկալի կուսակցություններին, Է. Վարդանյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Նախապես որևէ ենթադրություն անել չեմ ցանկանում, բայց հարցը ծրագրային է, և կարող եմ ասել, որ ցանկացած կուսակցություն կարող է հակակշիռ լինել»: