Հայ հետախույզը Ադրբեջանին տեղեկատվություն է վաճառել
Պետական դավաճանության մեջ մեղադրվող՝ հետախուզության պետ, կոչումով մայոր 38-ամյա Գարիկ Մարությանի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Գարիկ Մ.-ն 1997-2014թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը: Ծառայությունն ավարտելուց հետո 2015թ. հուլիսին նա «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով ծանոթացել է «Vazgen Kirakosyan» օգտատիրոջ տվյալներով հանդես եկող օգտատիրոջ հետ եւ ընկել Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը: Նա ադրբեջանական կողմին հաղորդագրություններով փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով: Այս ամենի դիմաց Գարիկ Մ.-ն ստացել է 700 ԱՄՆ դոլար եւ հեծանիվ:
Գարիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության: Այս հոդվածը սահմանում է պատիժ՝ տասից տասնհինգ տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: