Ադրբեջանն ուզում է ցույց տալ, որ հակամարտությունը սառեցված չէ. քաղաքագետ
Վերջին օրերին սահմանում վիճակն ավելի է սրվել: Ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի՝ սա հատուկ է Ադրբեջանի վարած քաղաքականությանը ու արդեն, մեղմ ասած, զարմանալի չէ:
‹‹Ադրբեջանի վերջին երեք տարվա մարտավարությունն է սա: Ուզում են ցույց տալ, որ հակամարտությունը սառեցված չէ: Ադրբեջանը չի ուզում առիթը բաց թողնել, որ ցույց տալ, թե ինքը դժգոհ է բանակցային գործընթացից: Ադրբեջանցիների այս պահվածքն ավելի շատը քարոզչական նշանակություն ունի››:
Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանն իրավիճակը սրում է՝ հուսալով, որ դիվիդենտներ կքաղի դրանից: ‹‹Ադրբեջանի այս պահվածքը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին, այլև միջնորդ երկրներին ու առաջին հերթին՝ Ռուսաստանին››:
Քաղաքագետը չբացառեց, որ սահմանային լարվածությունը, գուցե, կապված է Սարգսյան-Պուտին հանդիպման հետ՝ նշելով, որ Ադրբեջանն այդ կերպ ուզում է հիշեցնել իր մասին: