Բակո Սահակյանը շնորհավորել է Կանանց միջազգային օրվա առթիվ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյան շնորհավորական ուղերձը
Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ
Թանկագի՛ն կանայք,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Ավանդաբար Մարտի 8-ը նշվում էր որպես կանանց իրավունքների պաշտպանության օր: Մեզ համար այն եւս մեկ առիթ է գնահատելու եւ արժեւորելու ձեր աշխատանքը, արտահայտելու մեր խորին երախտագիտությունը, սերն ու հարգանքը: Դուք միշտ մեզ հետ եք, մեր կողքին. Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրից, երբ մեր արդարացի պահանջն էինք ներկայացնում աշխարհին, կենաց-մահու պայքար մղում թշնամու դեմ, հետագայում, երբ պետք էր ոտքի կանգնեցնել տնտեսությունը, վերականգնել ավերված գյուղերն ու քաղաքները, կերտել մեր անկախ պետականությունը, եւ այսօր, երբ անհրաժեշտ է շենացնել ու զորացնել Արցախը, դաստիարակել արժանի սերունդ: Դուք ամեն տեղ ձեր անգնահատելի ավանդն եք բերում` մնալով միշտ գեղեցիկ ու հմայիչ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ գարնանային այս հրաշալի տոնի առթիվ եւ մաղթում, որ միշտ լինեք առողջ ու երջանիկ, ուրախ ու անկրկնելի: Իսկ մենք կանենք հնարավորը, որպեսզի ձեր կյանքը լինի ավելի բարեկեցիկ ու խաղաղ:
Ամենայն բարիք ձեզ, սիրելի՛ արցախուհիներ:
ք.Ստեփանակերտ,
8 մարտի 2016թ.