Քսանհինգ տարվա պատմությունն այսօր մոռացվել է. Վազգեն Մանուկյան
Երրորդ հանրապետության պատմությունն սկսում է ոչ թե այն թվից, երբ մենք ֆորմալ անկախություն ստացանք, այլ 88-ի փետրվարից , երբ ժողովուրդն առաջին անգամ ոտքի ելավ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ, Ղարաբաղ կոմիտեի անդամ եւ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը` նկատելով, սակայն, որ քսանհինգ տարվա պատմությունն այսօր մոռացվել է: Այդ պատճառով է մեկը վեր կենում ասում, թե ես անկախություն տվեցի ժողովրդին, մյուսն ասում է` ես հող տվեցի եւ այլն:
Վազգեն Մանուկյանի խոսքով, շարժումը շատ կարեւոր էր. առաջին անգամ հայ ժողովրդի պատմության մեջ հայտարարվեց, որ մենք չունենք մշտական բարեկամ, մենք չունենք մշտական թշնամի, այլ մենք ունենք մշտական շահեր: Նրա խոսքով` սա շատերի համար խորթ էր, բայց հանրահավաքին , երբ ինքն առաջին անգամ արտասանեց այդ միտքը, հարյուր հազարների կողմից այն ընկալվեց:
Երկրորդ կարեւոր հանգամանքը, ըստ Վազգեն Մանուկյանի, այն էր որ մենք հույսը պետք է դնեինք մեզ վրա: Այս միտքը , ըստ նրա, առաջին ճեղքը տվեց Ղարաբաղ կոմիտեում: Վազգեն Մանուկյանը նկատեց, որ Հայաստանի հերոսն Իսրայել Օրին էր, որը Եվրոպայից օգնություն էր հայցում: ‘’Մենք այդ քաղաքականությունից հրաժարվեցինք’’,-նշեց նա:
Երրորդ պրագմատիկ քայլը, Մանուկյանի խոսքով` այն էր, որ երբ դու ազգային հարցեր ես լուծում, պետք է այն միջազգային զարգացումների համատեքստում տեղավորել:
Վազգեն Մանուկյանն ասաց, որ երբ տանկերը Երեւան մտան, դրանց դեմ պառկեցին երիտասարդները, իսկ ԽՄ ղեկավար Գորբաչովը պետք է որոշում ընդուներ` գնալ երիտասարդների դեմ, թե ոչ: Չգնաց եւ ըստ Մանուկյանի, սա ազդակ հանդիսացավ նախկին ԽՄ երկրներում շարժման ալիքի համար:
Վազգեն Մանուկյանի խոսքով, ինքը` արցախյան շարժումն էմոցիոնալ էր, բայց ղեկավարվում էր բավականին պրագմատիկ անձանց կողմից: Ղարաբաղյան շարժումից քսանհինգ տարի անց Վազգեն Մանուկյանը գնահատեց, թե ինչ մենք կորցրեցինք եւ ինչ ստացանք: Նախ, անգնահատելի, մեծագույն արժեք` անկախությունը եւ Ղարաբաղում հաղթանակը:
Ինչ վերաբերվում է ժողովրդավարական զարգացումներին, նկատեց, որ եթե իննսունհինգ-իննսունվեց թվականին ընգտրությունները ճիշտ կազմակերպվեին, մենք ավելին կունենայինք: